330 դիտում, 2020.07.08 13:02

ԱՄՆ վարաչակազմի քաղաքականությունը Մեծ Եղեռնի հարցում փոփոխության չի ենթարկվել. Սպիտակ տուն

ԱՄՆ վարաչակազմի քաղաքականությունը Մեծ Եղեռնի հարցում փոփոխության չի ենթարկվել. Սպիտակ տուն

Ամերիկայի Միացյալ Նահանգների վարչակազմի քաղաքականությունը Մեծ Եղեռնի հարցում փոփոխության չի ենթարկվել: Այս մասին «Ամերիկայի ձայն»-ի հարցին ի պատասխան հայտնել է Սպիտակ տունը, անդրադառնալով մամուլի խոսնակ Քեյլի Մըքենանի հնչեցրած «Հայոց ցեղասպանություն» արտահայտությանը:

Ի պատասխան «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցմանը՝ Սպիտակ տունը հայտնել է, որ վարչակազմի քաղաքականությունն այս հարցում փոփոխության չի ենթարկվել՝ հավելելով, որ ԱՄՆ նախագահը վերահաստատել է, որ «Մեծ Եղեռն»-ը պատմական ոճրագծություն և ողբերգություն է, և ԱՄՆ-ը կանգնած է հայ ժողովրդի կողքին:

Հուլիսի 6-ին Սպիտակ տան մամուլի խոսնակ Քեյլի Մըքենանն արտաբերեց «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը՝ անդրադառնալով ամերիկյան Դենվեր քաղաքում վանդալիզմի զոհ դարձած Հայոց ցեղասպանության հուշահամալրին: Այն հարձակման էր ենթարկվել մի քանի շաբաթ առաջ ռասսայական խտրականության դեմ բողոքի ցույցերի ընթացքում:

«Երբ պղծվում է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, որը ոգեկոչում է մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների՝ այդ թվում ստրկության զոհերի հիշատակը, գործ ունենք գիտակցության և պատմական գիտելիքի պակասի հետ»,- նշել էր Մըքենանը:

Մամուլի խոսնակի խոսքերն ակտիվ քննարկումների առարկա դարձան մամուլում ու խնդրի հետ առնչվող շրջանակներում: Թուրքիան արձագանքեց Մըքենանի խոսքերին՝ լրատվամիջոցներին հայտնելով, թե Թրամփի վարչակազմի դիրքորոշումն այս հարցի շուրջ լայնորեն հայտնի է: ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը, «Ֆեյսբուք»-ի իր գրառման մեջ մեկնաբանել է Դենվերում Հայոց ցեղասպանության հուշարձանի շուրջ զարգացումները՝ մատնանշելով ՀՀ ԱԳՆ-ի նախկինում արված մեկնաբանությունն այս առիթով: ՀՀ դեսպանությունը շեշտել է նաև, որ Հայաստանը գնահատում է Միացյալ Նահանգների իշխանությունների պատշաճ ուշադրությունն այս հարցի նկատմամբ:

Ամերիկահայ կազմակերպությունները ևս արձագանքել են մամուլի խոսնակի խոսքերին: Ամերիկայի հայկական համագումարը մամուլի միջոցով երախտագիտություն է հայտնել վարչակազմից Հայոց ցեղասպանության հուշահամալիրը հիշատակելու համար, իսկ Վաշինգտոնի Հայ դատի հանձնախումբը նշել է, որ Մըքենանի մեկնաբանությունը կարող է առաջին քայլը հանդիսանալ դեպի Հայոց ցեղասպանության ճանաչում ԱՄՆ-ի իշխանությունների բոլոր մարմինների կողմից:

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ԱՄՆ-ի վարչակազմի դիրքորոշումը տարբերվում է ԱՄՆ Կոնգրեսի դիրքորոշումից, որի երկու պալատները՝ Ներկայացուցիչների պալատն ու Սենատը, անցած տարի ընդունեցին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևերը: Վարչակազմը 1915 թվականի իրադարձությունները Օսմանյան կայսրության տարածքում խուսափում է որակել «ցեղասպանություն»՝ ապրիլի 24-ի նախագահի տարեկան ուղերձում այս առիթով օգտագործելով «Մեծ Եղեռն» եզրույթը:

կիսվել նյութով -