372 դիտում, 2020.07.08 11:48

Հայտնի է ՄԻՊ-ին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության խորհրդի կազմը

Հայտնի է ՄԻՊ-ին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության խորհրդի կազմը

Մարդու իրավունքների պաշտպանը հաստատել է Պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հասարակական խորհրդի կազմը

Խորհրդի կազմում ընդգրկվել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և անկախ փորձագետներ, որոնք ունեն մասնագիտական փորձ  հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, նրանց համար ծառայությունների մատուցման, ոլորտային ռազմավարական փաստաթղթերի մշակման, ինչպես նաև վերլուծությունների իրականացման ոլորտում։

Որպես խորհրդատվական մարմին՝ Խորհրդի խնդիրներից է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում իրավունքների վիճակի բարելավմանը նպաստելը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և Պաշտպանի համագործակցության ամրապնդումը: Այս նպատակով խորհրդի անդամները հնարավորություն կունենան անմիջական մասնակցություն ունենալ հաշմանդամություն ունեցող անձանց առնչվող խնդիրների եւ դրանց լուծումների քննարկմանը, ոլորտային հետազոտությունների իրականացմանը, ինչպես նաեւ մասնակցելու իրավական եւ այլ առաջարկների ձեւավորմանը:

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, արդյունավետության, նրանց նկատմամբ խտրականության ու խարանի վերացման կարեւոր երաշխիքներից է համագործակցությունը քաղաքացիական հասարակության, կազմակերպությունների եւ անկախ փորձագետների հետ: Ուստի, այս հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության կարեւոր ուղղությունն են:

Պաշտպանին առընթեր խորհրդի գործունեության կարգին կարելի է ծանոթանալ  հղումով

Հիշեցնենք, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ Պաշտպանին է վերապահված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկումը, ինչպես նաև պետական, տեղական ինքնակառավարման մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների կանխարգելման և պաշտպանության գործառույթները: Այս նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գործում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժին, որին կարելի է դիմել  (+374 10) 53-85-77 հեռախոսահամարով կամ 116 թեժ գծի միջոցով: