360 դիտում, 2020.07.08 10:42

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում Հովհաննես Խաչատրյանի թեկնածությանը

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում Հովհաննես Խաչատրյանի թեկնածությանը

ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը միաձայն հավանություն տվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար Հովհաննես Խաչատրյանի թեկնածությանը: Խաչատրյանի թեկնածությունը ներկայացրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը: 

Հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը»-ի պատգամավոր Արտակ Մանուկյանը նախ ներկայացրեց թեկնածուի կենսագրությունը: Խաչատրյանը ծնվել է 1983 թվականին Երևանում, սովորել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում, ունի մագիստրոսի կոչում, 2002-2008թթ աշխատել է Կենտրոնական բանկի Վիճակագրության վարչությունում, իրականացրել է բանկերի ֆինանսական վիճակի հեռար ստուգման ֆունկցիաներ, նաև պատասխանատու է եղել դրամավարկային և ֆինանսական վիճակագրության որոշակի աշխատանքների համար: 2008 թվականից աշխատում է Ամերիաբանկում: 2015-ին ստացել է ֆինանսական վերլուծաբանի կոչում, ներկայում էլ ուսանում է բիզնեսի վարչարարություն կամ ադմինիստրացիա` Չիկագոյի համալսարանի բիզնես դպրոցում: Նա անդամակցել է հասարակական կազմակերպությունների և կրթական ծրագրեր է իրականացրել է մարզերում: Անկուսակցական է, ամուսանացած է, ունի 2 զավակ: 

Խաչատարյանը մի քանի կետով նշեց այն կարևոր գործառույթները, որ ԿԲ-ն իրականացնում է և իր կարծիքը դրանց վերաբերյալ: «Ես գտնում եմ, որ ԿԲ-ի մանդատի հետ կապված հարց իրականում գոյություն չունի այս պահին: Այն, ինչ այսօր դրված է ԿԲ-ի վրա՝ գների և ֆինանսական կայունության ապահովման առումով, համապատասխանում է ժամանակակից թրենդներին և հաջողված Կենտրոնական բանկերի փորձին: Ես այս առումով ԿԲ-ն գնահատում եմ լավագույն հաջողված ԿԲ-ներից զարգացող երկրներում»,-ասաց թեկնածուն:

Նրա կարծիքով՝ ֆինանսական համակարգում մրցակցությունն ապահովված է, ԿԲ-ն հասել է նրան, որ կենտրոնացումներ, համակենտրոնացումներ, մոնոպոլ դիրքեր ձեռք չեն բերվել: Թեկնածուի խոսքով՝ դա իրականում մեծ արժեք է, մրցակությունն է բերում ֆինանսական ծառայությունների մատչելիությանը, ծառայությունների արժեքի նվազմանը: Խաչատրյանը կարծում է, որ ֆինանսական համակարգը շատ լավ կարգավորված է, նաև ֆինանսական համակարգի բոլոր խաղացողների նկատմամբ վստահություն կա:  Կորոնավիրուսի և դրա տնտեսական հետևանքների հետ կապված՝ մենք գրեթե խնդիր չենք ունեցել, որ տնտեսավարող սուբյեկտները վստահության պակասի պատճառով կտրուկ գործողություններ կատարեն»,-ասաց նա:

Խաչատրյանի կարծիքով՝ կանխիկ շրջանառությունը բոլոր դրամական ագրեգատներում չափազանց մեծ է: «Մենք կանխիկ տնտեսություն ենք, որը աքսիոմատիկ է, որ չի կարող լինել կապիտալի շուկա, երբ երկրում տնտեսավարող սուբյեկտների միջև հարաբերությունները դեռ կանխիկի աշխարհում են մնացել: Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ ԿԲ-ն ըստ էության կատարում է մեծ ծախսեր կանխիկի շրջանառության ապահովման համար, որը սուբսիդիա է այդ վճարամիջոցից օգտվելու համար»,-ասաց նա ու նշեց, որ ԿԲ-ն ՊԵԿ-ի հետ միասին պետք է ծրագիր իրականացնի, որպեսզի կարճ ժամանակահատվածում իմպուլս տա անկանխիկ դրամաշրջանառությանը:

Պատգամավորները նաև տարաբնույթ հարցեր ուղղեցին, պատասխաններ ստացան թեկնածուից: Թեկնածության հարցը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում: