կարևոր
1657 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-07 20:36

Արցախի նախագահն ու ՀՀ ԿԳՄՍ նախարարը քննարկել են Հայաստանում և Արցախում կրթական բարեփոխումների հիմնական ուղղությունները

Արցախի նախագահն ու ՀՀ ԿԳՄՍ նախարարը քննարկել են Հայաստանում և Արցախում կրթական բարեփոխումների հիմնական ուղղությունները

Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթական բարեփոխումների հիմնական ուղղությունները Հայաստանում և Արցախում՝ կարևորելով դրանցից բխող ընդհանուր և միասնական գործողությունները։

Բարձր գնահատելով գործընկեր կառույցների փոխհամագործակցության մակարդակը՝ Արցախի նախագահն ընդգծել է, որ նույն կրթական համակարգն ունեցող հայկական երկու հատվածների համաձայնեցված շարունակական աշխատանքն օրվա հրամայականն է։ Այդ համատեքստում շատ կարևոր է ոլորտում նախաձեռնվող բարեփոխումների քննարկման փուլերին արցախցի մասնագետների ներգրավումը:

Հանրապետության նախագահի խոսքով՝ համավարակի հետևանքով կրթական ոլորտում ստեղծված դժվարությունները նոր մարտահրավերներ են առաջացրել, որոնց այլընտրանքային լուծումները գտնելու համար անհրաժեշտ են նոր մոտեցումներ:

Նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՀ նախագահին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ բարձրացված հարցերն անպայման տեղ կգտնեն երկու գերատեսչությունների միջև ընթացող աշխատանքային քննարկումներում:

Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը: