374 դիտում, 2020.07.07 20:09

Մհեր Գրիգորյանի և ՀԲ Սոցիալական պաշտպանության և զբաղվածության պրակտիկայի գլոբալ տնօրենի նախագահությամբ կայացել է հեռավար աշխատաժողով

Մհեր Գրիգորյանի և ՀԲ Սոցիալական պաշտպանության և զբաղվածության պրակտիկայի գլոբալ տնօրենի նախագահությամբ կայացել է հեռավար աշխատաժողով

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Համաշխարհային բանկի Սոցիալական պաշտպանության և զբաղվածության պրակտիկայի գլոբալ տնօրեն Միխալ Ռուտկովսկու նախագահությամբ կայացել է հեռավար աշխատաժողով նվիրված սոցիալական վճարների թվայնացման և ապականխիկացման խնդրին: Քննարկմանը մասնակցել են նաև ՄԱԿ-ի, Արժույթի միջազգային հիմնադրամի և ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները:

Աշխատաժողովի ընթացքում Կառավարության ներկայացուցիչների և Համաշխարհային բանկի ոլորտային փորձագետների մասնակցությամբ քննարկվել են Հայաստանում նպաստների և թոշակների փոխանցման առկա մեխանիզմները, ինչպես նաև անկանխիկ տնտեսություն վարելու մարտահրավերներն ու հնարավորությունները:

Մասնակիցներն ընդգծել են կառավարություն-քաղաքացի վճարումների թվայնացման և ապականխիկացման գործընթացն արագացնելու անհրաժեշտությունը:

Փոխվարչապետը կարևորել է նման ձևաչափով քննարկումների անցկացումը: Նա մասնավորապես կարևոր է համարել այս աշխատաժողովի հիմնական թեման՝ հաշվի առնելով, որ կորոնավիրուսային վարակի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներով պայմանավորված սոցիալական վճարների փոխանցման հարցը դարձել է առավել քան արդիական:

Քննարկման ավարտին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկին կառուցողական համագործակցության համար:

կիսվել նյութով -