500 դիտում, 2020.07.07 16:03

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն առարկեցին դատախազության միջնորդության դեմ

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն առարկեցին դատախազության միջնորդության դեմ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի,  շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։

Պաշտպանական թիմն առարկություն ներկայացրեց դատախազության միջնորդությանը, որով վերջիններս խնդրում են դատարանին սահմանափակել պաշտպանական կողմի՝ տարբեր տեսակի միջնորդություններ ներկայացնելու դատավարական իրավունքը։

Ըստ նրանց՝ պաշտպանների նման գործողությունները թույլ չեն տալիս նրանց ընթերցել մեղադրական ճառի եզրափակիչ մասը։

Պաշտպան Հովհաննես Խուդոյանը, առարկելով միջնորդությանը, նշեց, որ դա ամբաստանյալին պաշտպանության իրավունքից զրկելու միջնորդություն է։ Ըստ նրա՝ այդպիսով դատարանը և դատախազները թույլ չեն տալու ամբաստանյալներին իրացնել պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը։

«Չնայած միջնորդությունը վերնագրված է եղել այլ կերպ, բայց հենց դրա մասին է»,-ասաց Խուդոյանը։

Փաստաբան Արամ Վարդևանյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ տվյալ գործի վերաբերյալ մեկնաբանություններ են հնչում քաղաքական բարձր ամբիոններից։ Մասնավորապես, նա հիշեցրեց վերջերս ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի ելույթը, ով հարցրել էր դատախազին, թե  ինչո՞ւ է փաստաբանների գործողությունների պատճառով ձգձգվում Քոչարյանի գործով դատավարությունը: Ավելին, պատգամավորը ցուցումներ է հնչեցրել, թե ինչ անի դատախազությունը։

Փաստաբան Հայկ Ալումյանը, մեջբերելով դատախազների միջնորդությունը, ընդգծեց, որ օրենսդրությունը չի նախատեսում միջնորդություն ներկայացնելու իրավունքի սահմանափակում, այլ միայն որոշակի հանգամանքներում կոնկրետ միջնորդության սահմանափակում:

«Միջնորդությունը համարում եմ բացարձակ անհիմն և օրենքին հակասող»,-հայտարարեց փաստաբանը:

Գործով անցնող Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի փաստաբաններ Միհրան Պողոսյանը և Կարեն Մեժլումյանը կրկին միջնորդեցին սույն գործով վարույթը կասեցնել և դիմել ՍԴ։

Կարեն Մեժլումյանը հիշեցրեց, որ այս միջնորդությունը ներկայացրել է օգոստոսի 22-ին, սակայն այն մնացել է առանց քննության, քանի որ խափանման միջոցի փոփոխման միջնորդություններ են ներկայացվել, որոնք քննվել են հրատապության կարգով։

կիսվել նյութով -