568 դիտում, 2020.07.07 15:41

Նախարարն անդրադարձավ տանը բուժվողների ծախսերի մասին հարցին

Նախարարն անդրադարձավ տանը բուժվողների ծախսերի մասին հարցին

Հայաստանում տնային պայմաններում կորոնավիրուսով վարակված անձանց թոքաբորբի բուժման համար կիրառվում են դեղեր, որոնք շատ մատչելի են, իսկ եթե իրապես այլ դեղեր գնելու կարիք կա, ապա այդ քաղաքացին չպետք է բուժվի տանը, պետք է տեղափոխվի հիվանդանոց: Այս մասին մամուլի ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կառավարությունը պատրաստվո՞ւմ է փոխհատուցել տանը բուժվող քաղաքացիների բուժման ծախսերը: 

«Մենք ունենք հաստատված գործելակարգ՝ տնային պայմաններում թոքաբորբի բուժման, որում ներառված են այնպիսի դեղորայք, որոնք շատ մատչելի են, և կարիք չկա դրանից դուրս այլ դեղեր գնելու, որովհետև, եթե դրանցից դուրս այլ դեղեր գնելու կարիք իրապես կա, ապա այդ քաղաքացին չպետք է բուժվի տանը, պետք է տեղափոխվի հիվանդանոց»,-ասաց Թորոսյանը:

Նախարարը կոչ արեց հատկապես ամբուլատոր պոլիկլինիկական համակարգի գործընկերներին հետևել միայն նախարարության կողմից հաստատված գործելակարգին, որտեղ ներառված են դեղերը և բուժման ձևերը: Թորոսյանը նաև տեղեկացրեց, որ բուժման պրոտոկոլի մեջ ներառված դեղերի մի մասի համար, հատկապես այնպիսի դեղերը, որոնք հարաբերականորեն ավելի թանկ են, իրականացրել են կենտրոնացված գնում և բաշխել են ՀՀ բոլոր պոլիկլինիկական համակարգերին: 

Նա նաև հիշեցրեց, որ բազմաթիվ քաղաքացիներ, որոնք ունեն դրական ախտորոշում, ընդհանրապես բուժման կարիք չունեն, պարզապես պետք է թեթև ընթացքն անցկացնեն տանը և վերադառնան իրենց սովորական կյանքին: Նախարարը նկատեց, որ նրանք կարող են կարիք ունենալ մաքսիմում ջերմիջեցող դեղերի, իսկ մնացած դեպքերի բուժումը պետք է իրականացնել միայն բժշկի հսկողության տակ:

Հայաստանում հուլիսի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 29285 դեպք, որոնցից 16907-ն` առողջացած: Այս պահին փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսային հիվանդությամբ 11711 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 125088 թեստավորում:Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 503 դեպք:

կիսվել նյութով -