27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Հայաստանում հնարավոր է լինեն դեպքեր, երբ բժիշկը մարդուն ասի՝ իմաստ չունի թեստավորվել, քանի որ նա ակնհայտորեն վարակված է: Շատ այլ երկրներում էլ կա այդ մոտեցումը՝ չթեստավորել, եթե ընտանիքի մի անդամը վարակված է, և մյուսի մոտ կան նույն սիմպտոմները: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նախարարը նախ նշեց, որ թեստերի դեֆիցիտ երբեք չի եղել, սակայն եղել են օրինակ թեստավորման փայտիկների դեֆիցիտ, լոգիստիկ խնդիրներ: Այնուամենայնիվ, չի եղել մի օր, որ Հայաստանում թեստ չարվի:
Անդրադառնալով լրագրողի բարձրաձայնած կոնկրետ դեպքերին՝ նախարարն ասաց. «Երկկողմանի թոքաբորբը կամ թոքաբորբն արդեն ուղիղ բժշկական ցուցում է թեստավորում անելու: Հնարավոր է լինեն այնպիսի դեպքեր, որ բժիշկներն ասեն՝ իմաստ չունի թեստավորել, քանի որ դու ակնահայտորեն վարակված ես: Նման մոտեցում շատ այլ երկրներում էլ է եղել, երբ ընտանիքի մի անդամը վարակված է եղել, և նույն սիմպտոմներն ընտանիքի մյուս անդամների մոտ հայտնաբերված են եղել, ընդունված է եղել չթեստավորել, քանի որ ակնհայտ է, որ դա նույն հիվանդությունն է: Եվ, եթե բուժումն անցնում է տանը, այսինքն` հոսպիտալիզացիայի կարիք չկա, ուրեմն իրոք, կարծես թե, անիմաստ է դառնում թեստավորումը, մանավանդ, որ գիտես, որ 14 օր պետք է մնաս, պետք է անցնեն քո սիմպտոմները, և դու պրակտիկ առողջ ես»:
Նա նկատեց` այլ է խնդիրը, երբ մարդը պետք է հիվանդանոցում պառկի: Այդ դեպքում իրավական առումով պետք է հավաստիանալ, որ նա ունի այդ հիվանդությունը: Նախարարը, սակայն, վստահեցրեց, որ ներուժի զարգացմանը զուգընթաց, նման դեպքերը գնալով ավելի քիչ են լինելու:
Հայաստանում նախատեսվում է օրական թեստավորումների թիվը առաջիկայում հասցնել 3000-ի: