496 դիտում, 2020.07.07 12:54

Պատվաստանյութ լինելու է, դա միակ բանն է, որ թույլ կտա վերադառնալ առանց դիմակների կյանքին. Արսեն Թորոսյան

Պատվաստանյութ լինելու է, դա միակ բանն է, որ թույլ կտա վերադառնալ առանց դիմակների կյանքին. Արսեն Թորոսյան

Հանրային առողջապահության մասնագետները եկել են այն համոզման, որ պատվաստանյութ լինելու է: Դա միակն բանն է լինելու, որ թույլ կտա վերադառնալ առանց դիմակների, առանց սոցիալական հեռավորության կյանքին։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարը նախ նշել է, որ պատվաստանյութերի մշակումը և դեղորայքի մշակումը երկու տարբեր պրոցեսներ են: «Բայց դրանք երկուսն էլ զուագեռ ընթանում են աշխարհում, և մենք երկուսով էլ գործողություններ ենք իրականացնում: Որպես օրինակ՝ Ռեմդեսիվիրի խմբաքանակ ենք գնել, որը մոտավորապես 1 շաբաթ, 10 օրից Հայաստանում կլինի, բանակցություններ ենք վարում ռուսական Աֆիվավիրի, ինչպես նաև ճապոնական և ռուսական Ֆավիպիվավիրի համար: Ճապոնիայից արդեն ստացել ենք: Դա հիմա մեզ մոտ է և շուտով կսկսի օգտագործվել»,-ասել է Թորոսյանը:

Այլ է իրավիճակը պատվաստանյութերի մասով: Աշխարհում այս պահին մշակվում է մոտ 200 պատվաստանյութ, որոնցից մոտ 20-ը մեծ շանս ունեն դառնալու վերջնական պրոդուկտ: «Եվ կոնսենսուային մի իրավիճակ կա, որ արդեն հանրային առողջապահության մասնագետները համարում են, որ ամեն դեպքում պատվաստանյութ լինելու է, այսինքն՝ այդ համոզվածությունը շատ կարևոր է: Այդ համոզումը եկել է ժամանակի ընթացում, սկզբում այդ համոզումը չկար, և մենք բոլորս ավելի մեծ անորոշության մեջ էինք ապրում»,-ասել է Թորոսյանը:

Նախարարը նկատել է, որ այդ համոզման զարգացմանը զուգընթաց՝ երկրները քննարկում են ապագա վերջնական հաստատված պատվաստանյութերի գնման հարցերը: Եվ «Մոդեռնա» ընկերության պատվաստնյութը դրանցից մեկն է, ամենահավանական վերջնական պրոդուկտներից մեկը: Բայց դա միակը չէ, կան ավելի խոշոր արտադրողների ապագա պատվաստանյութեր: Այդ արտադրողների՝ այլ հիվանդությունների՝ գրիպի, կարմրուկի, դեմ պատվաստանյութերը Հաայստանը միշտ գնել է: «Մենք միշտ օգտագործել ենք աշխահի լավագույն պատավաստանյութերը, ինչը և շարունակում ենք անել այլ հիվանդությունների համար: Այս հիվանդության մասով բանակցություններ, իհարկե, ընթանում են, բայց դրանք շատ նախնական են, և այստեղ նույնպես արդեն նույնիսկ ապագա պրոդուկտների վաճառքի հարցում անորոշությունները շատ մեծ են: Անորոշություններից մեկն այն է, որ տարբեր երկրներ ի սկզբանե գնում են դեռ չարտադրված կամ արտադրված, բայց չհաստատված մեծ խմբաքանակներ: Օրինակ՝ մի անգլիական պարբերական գրել էր, որ Մեծ Բրիտանիան գնել է մոտ 60 մլն դոզա ապագա պատավաստանյութ՝ մոտ 500 մլն ֆունտով: Դա նշանակում է, որ այլ պետությունների դա չի հասնի, քանի որ, ենթադրաբար, նրանք ուշացել են»,- ասել է Թորոսյանը:

Նախարարը համեմատություն է արել սառը պատերազմի ժամանակների հետ, երբ բոլորը փորձում էին նոր զենքեր արտադրել, հիմա էլ բոլորը փորձում են դեռ չարտադրված և դեռ չհաստատված պատվաստնյութերի խմբաքանակներ գնել՝ նույնիսկ տարբեր տեղեկություններով գումարը նախապես վճարելով: Բանակցությունների մեծ մասը գաղտնի է: «Սակայն մենք որոշել ենք առնվազն սկսել այդպիսի խոսակցություններ թե ուղիղ արտադրողների հետ և թե հավաքական գնորդների հետ, ինչպիսիք են ԱՀԿ-ն, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ԳԱՎԻ-ն, որոնք կարող են միանգամից 100 երկրի համար գնել մեկ մեծ խմբաքանակ և հավասարաչափ բաշխել: Դա թույլ կտա ապահովել հավասարության, արդարության զգացումը. այնպես չստացվի, որ երկիրը, որն ի սկզբանե չի ունեցել 500 մլն ֆունտ՝ այդքան մեծ խմքաբանակ գնելու համար, զրկվի կյանք փրկող պրոդուկտից, որը փաստացի միակ բանն է լինելու, որ մեզ թույլ է տալու վերադառնալ առանց դիմակների, առանց սոցիալական հեռավորության կյանքին»,-նշել է Թորոսյանն ու նկատել է, որ այլ պարագայում դժվար է լինելու վերադառնալ սովորական կյանքին:

կիսվել նյութով -