կարևոր
1896 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-06 18:52

Ադրբեջանի հատուկ ծառայությունները համացանցով փորձել են տեղեկություններ կորզել ՀՀ ԶՈւ վերաբերյալ

Ադրբեջանի հատուկ ծառայությունները համացանցով փորձել են տեղեկություններ կորզել ՀՀ ԶՈւ վերաբերյալ

Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծա­ռա­յու­թյունների «արհեստավարժ հետախույզները», հավատարիմ մնալով իրենց բնորոշ պարզունակ գործելաոճին և օգտագործելով արդի տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունները, շարունակում են հա­մա­ցան­ցի սոց­ցանցերում գրանցել ար­տ­երկրում բնակ­վող հայերի անուններով կեղծ էջեր և ներ­կա­յա­նա­լով որպես գործարար-բա­րե­րարներ, կամ ՀՀ ԶՈՒ նախկին  զինծառայողներ, ծա­նո­­թու­­թյուն­ներ են հաստատում հայ զինծա­ռա­յող-օգտա­տերերի, կամ նրանց հարազատների հետ ու շփումների ընթացքում փորձում են կորզել ռազմական բնույթի տեղեկություններ: Այս մասին հայտնում են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից:

«Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայությունների գործողություններն այնքան նույնաբովանդակ և պարզունակ են, որ ՀՀ ԶՈւ զինծառայող-օգտատերերը գրեթե առաջին իսկ արտահայտությունից հասկանում են, որ գործ ունեն ադրբեջանական «հզոր հետախույզի» հետ և դադարեցնում են նրանց հետ շփումներն ու անմիջապես իրազեկում համապատասխան մարմիններին:

Չնայած նշված հանգամանքին՝ այնուամենայնիվ, ՀՀ ԶՈՒ-ում դեռևս կան առանձին զինծառայողներ, այդ թվում հրամանատարական կազմի շրջանում, ովքեր միամտորեն կարծելով, որ հաղորդակցվում են իրենց նախկին ծառայակիցների կամ ենթակաների հետ, նամակարգրությունների ընթացքում քննարկում են զինվորական ծառայությանը վերաբերող հարցեր:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակից-օգտատերը, «Facebook» սոցիալական ցանցում գրանցված մտացածին էջով (կեղծ) նամակագրական կապեր է հաստատել ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայի հետ և փորձել է նրանից կորզել տեղեկություններ ՀՀ ԶՈւ վերաբերյալ:

Ազգային անվտանգության ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է ՀՀ քաղաքացիներին՝ հատկապես զինծառայողներին, զերծ մնալ սոցիալական ցանցերում անծանոթ օգտատերերի հետ շփումներից և չքննարկել զինվորական ծառայությանը վերաբերող թեմաներ, իսկ նման իրադրության մեջ հայտնված անձանց և զինծառայողներին, իրենց իսկ շահերից ելնելով, խնդրում ենք անհապաղ դիմել Ազգային անվտանգության ծառայություն»,-ասված է հայտարարությունում: