344 դիտում, 2020.07.06 16:17

«Մեգամոլ»-ը կվերադառնա բնականոն աշխատանքի. ԱԻՆ աշխատակիցները վտանգավոր ոչինչ չեն հայտնաբերել

«Մեգամոլ»-ը կվերադառնա բնականոն աշխատանքի. ԱԻՆ աշխատակիցները վտանգավոր ոչինչ չեն հայտնաբերել

«Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբերի մասին ահազանգից հետո Արտակարգ իրավիճակների նախարարության և ոստիկանության կինոլոգները շենքի տարածքում որևէ վտանգավոր բան չեն հայտնաբերել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԻՆ Քաղաքային վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների ղեկավար մայոր Գևորգ Մնացականյանը:

«Աշխատել է երեք կինոլոգիական խումբ, աշխատանքի արդյունքում որևէ վտանգավոր բան չի գտնվել: Աշխատանքներն ավարտվել են: «Մեգամոլ»-ն անցնելու է բնականոն աշխատանքի»,- ասել է Մնացականյանը:

Հուլիսի 6-ին՝ ժամը 13։30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ոստիկանությունից տեղեկություն էր ստացվել, որ ինտերնետային հարթակում հաղորդագրություն է տարածվել, որ Երևանի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում ռումբեր են տեղադրված, որոնք ժամը 13։50-ին պայթելու են։ Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, կինոլոգիական, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

«Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբերի մասին ահազանգից հետո փրկարարները և ոստիկանության աշխատակիցներն իրականացրել են տարհանում անվտանգ տարածք է դուրս բերվել մոտ 350 քաղաքացի։

կիսվել նյութով -