340 դիտում, 2020.07.05 17:32

Գյումրու տուրիստական հոսքը զարգացնող ճոպանուղային տրանսպորտի ծրագիրը ներկայացվել է համայնքին

Գյումրու տուրիստական հոսքը զարգացնող ճոպանուղային տրանսպորտի ծրագիրը ներկայացվել է համայնքին

«Արմոն» ընկերությունը մշակել է Գյումրու տուրիստական հոսքը խթանող զարգացման բիզնես ծրագիր, որի հիմքը ներքաղաքային ճոպանուղով ինքնուրույն շարժվող տրանսպորտն է: Նախաձեռնողները ծրագիրն արդեն ներկայացրել են համայնքին ու հանրային քննարկման և սպասում են առաջարկների:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել բնակելի էկոթաղամաս՝  դպրոցով, մանկապարտեզով, էսթետիկ կենտրոնով, սպորտային և շատրվանային համալիրներով, լողավազանով, կորտերով և այլ ենթակառուցվածքներով: Նախատեսվում է 15 տարբեր ենթակառուցվածքները միմյանց հետ կապել ճոպանուղային տրանսպորտով: Նախագծի անկյունաքարը օդային շարժակազմն է, որն աշխատելու է ըստ անհրաժեշտության՝ բենզինով, դիզելային վառելանյութով կամ  էլեկտրաէներգիայով՝ համապատասխան շարժիչով: 

Թեթև շարժակազմով այդ այլընտրանքային տրանսպորտն ունենալու է  կանգառներ՝ Գյումրու ողջ երկայնքով: Այս տրանսպորտային միջոցները հագեցված են կառավարման համակարգով, որը վերացնում է մարդկային գործոնը և որակապես բարելավում է անվտանգությունը: Մեքենայի աերոդինամիկական հատկությունները հնարավորություն են տալիս հասնել անհավատալի արագության ցուցանիշների, որոնք զուգորդվում են շարժման հարմարավետության հետ:

«Արմոն» ընկերության տնօրեն Խաչատուր Սարգսյանը հավաստիացրեց, որ այս տեխնոլոգիան ամենևին էլ նոր չէ։ «Նմանատիպ ծրագիր ունենք Աֆրիկայում՝ Տանզանիայում: Տեխնոլոգիան նոր չէ, բելառուսական է, որը գործում է նաև Բելառուսիայի քաղաքներից մեկում»,- նշել է Խաչատուր Սարգսյանը:

Խոսելով օդային տրանսպորտի առավելություններից, Խաչտուր Սարգսյանն առանձնացրել է հետևյալը. ««Սքայ Գյումրին» վերգետնյա տրանսպորտային տեխնոլոգիակական համակարգ է, որն ապահովում է շարժակազմի բարձր արագությունը, անվտանգ և մատչելի է քաղաքացիերի համար։ Անկախ կլիմայական պայմաններից, տնտեսապես արդյունավետ և բնապահպանական տեսանկյունից՝ մաքուր: Այն նոր սերնդի քաղաքային տրանսպորտի միջոց է»:

Ծրագրի համալիր նախագծման մեկնարկը տրվել է 2020-ին․ նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2023 թվականը:

 

կիսվել նյութով -