Ավանդական մարդաշատ միջոցառման փոխարեն՝ այս տարի Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը Անկախության տոնը նշում է վիրտուալ տիրույթում:
Տոնակատարությունը սկսվել է երկու պետությունների օրհներգերի կատարումներով, ապա իրենց ուղերձներն են հղել դեսպան Լին Թրեյսին եւ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Մենք արժեւորում ենք մեր նորացված երկխոսության ներառական բնույթը, որը թույլ է տալիս քննարկել ու ընդլայնել մեր ընթացիկ ընդհանուր օրակարգը»,- նշել է Մնացականյանն իր ուղերձում:
Նախարարը Հայաստանի կառավարության եւ հայ ժողովրդի անունից եւս մեկ անգամ երախտագիտություն է հայտնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին ու Սենատին՝ Հայոց ցեղասպանության մասին երկու առանցքային բանաձեւերի ընդունման համար: Նաեւ հավելել է՝ որպես մարդու իրավունքների միջազգային պաշտպանության ջատագով՝ Հայաստանը պատրաստ է աշխատել գերտերություն հետ՝ մարդկության դեմ ուղղված հանցանքները կանխելու ու դատապարտելու ուղղությամբ եւ հենց այս տեսլականով է միացել ԱՄՆ հովանու ներքո ստեղծված եւ կրոնական ազատությունների պաշտպանությանն ուղղված դաշինքին: