370 դիտում, 2020.07.03 23:33

ԱԱԾ-ն հերքում է դատավոր Վահագն Մելիքյանին իրենց կառույց հրավիրելու տեղեկատվությունը

ԱԱԾ-ն հերքում է դատավոր Վահագն Մելիքյանին իրենց կառույց հրավիրելու տեղեկատվությունը

Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի դատավոր Վահագն Մելիքյանին իրենց կառույց հրավիրելու տեղեկատվությունը։ Այս մասին ԱԱԾ մամուլի կենտրոնը տարածել է հաղորդագրություն։

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հարկ է համարում տեղեկացնել, որ ս.թ հուլիսի 3-ին «Փաստինֆո» լրատվական կայքում «ԱԱԾ-ն սպառնացել է դատավոր Վահագն Մելիքյանին» վերնագրով տեղեկատվությունը՝ թե իբր «ԱԱԾ է հրավիրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի դատավոր Վահագն Մելիքյանը»,-չի համապատասխանում իրականությանը: 

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հերթական անգամ կոչ է անում բոլոր լրատվամիջոցներին զերծ մնալ հանրության շրջանում պետական կառույցի հեղինակությունը կասկածի տակ դնող չճշտված լուրեր և ապատեղեկատվություն տարածելու գործելաոճից և միաժամանակ հիշեցնում է, որ արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու համար գործող օրենքով նախատեսված է քրեական պատասխանատվություն»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

Ավելի վաղ հերքում էր տարածել նաև Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ  Արման Խաչատրյանը, նշելով, որ այդ բացահայտ ապատեղեկատվությունը կարելի է գնահատել որպես ակնհայտ ցինիզմ Դատական իշխանության և Ազգային անվտանգության ծառայության նկատմամբ։

կիսվել նյութով -