350 դիտում, 2020.07.03 16:27

Նմուշառման պարագաների հերթական խմբաքանակն է նվիրաբերվել ՀՀ զինված ուժերին

Նմուշառման պարագաների հերթական խմբաքանակն է նվիրաբերվել ՀՀ զինված ուժերին

 ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 3-ին ընդունել է «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դավիթ Տոնոյանը բարձր է գնահատել համավարակի պայմաններում առողջ զորակոչի ապահովման նպատակով հիմնադրամի կողմից ցուցաբերված աջակցությունը և ընդգծել, որ  «Թովմասյան» հիմնադրամի տրամադրած նմուշառման պարագաների շնորհիվ հակահամաճարակային միջոցառումները զինված ուժերում կիրականացվեն առավել արդյունավետ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նաև «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպված համահայկական առցանց համերգի մասնակիցներին և հույս հայտնել, որ համագործակցությունը հիմնադրամի հետ շարունակական է լինելու։

«Թովմասյան» բարեգործական հիմնադրամն այսօր՝ հուլիսի 3-ին նմուշառման պարագաների հերթական խմբաքանակն է նվիրաբերել ՀՀ զինված ուժերին։ «Թովմասյան» հիմնադրամը պաշտպանության նախարարությանն արդեն տրամադրել է 10. 000 COVID-19-ի թեստ։  «Միասին մենք կարող ենք» միջոցառման հավաքագրված հասույթից ավելի քան 25.200.000 դրամ տրամադրվել է դրանց ձեռքբերման համար։ 

Նմուշառման համար անհրաժեշտ բժկական բոլոր  պարագաները փոխանցվել են ԶՈՒ ռազմաբժշկական վարչությանը, ինչը բավարար է ամառային զորակոչին ենթակա զինակոչիկների կրկնակի թեստավորման համար։

«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանն ընդգծել է, որ այս առաքելությամբ իրենք նպատակ ունեն օժանդակել վարակի տարածման կանխարգելումը զորակոչիկների շրջանում:

կիսվել նյութով -