Թուրքիայում մեկնարկել է սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգիի սպանության գործով դատավարությունը: Կա 20 մեղադրյալ, որոնցից երկուսը Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամադ բին Սալմանի նախկին գլխավոր խորհրդականներն են: Բոլոր մեղադրայլները Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ են: Նրանցից եւ ոչ մեկը, սակայն, այժմ Թուրքիայում չէ:
Թուրք դատախազները պահանջում են ցմահ ազատազրկման դատապարտել մեղադրայլներին: Սաուդային Արաբիան էլ մերժում է նրանց Թուրքիային հանձնելու պահանջը: Սաուդյան Արաբիայում այս գործով արդեն դատավարություն անցկացվել է: Սակայն մեղադրյալների անուններն այդպես էլ չեն հրապարակվել: Միայն հաղորդվել է, թե 5 մարդ մահապատժի է դատապարտվել, երեքն էլ բանտարկվել է:
Հիշեցնենք, որ արքայազն Մուհամադ բին Սալմանին ակտիվ քննադատող ընդդիմադիր լրագրողը սպանվել է 2018 թվականին Ստամբուլում գտնվող Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում: Նրա դին այդպես էլ չի գտնվել: Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնը հերքում է մեղադրանքները, թե ինքն էր հրահանգել այս սպանությունը: