338 դիտում, 2020.07.03 14:00

Պաշտոնական կեղծիքի փաստով ես այսօր ՀՔԾ կներկայացնեմ հաղորդում հանցագործության մասին. Ղազինյանը նոր փաստեր ունի

Պաշտոնական կեղծիքի փաստով ես այսօր ՀՔԾ կներկայացնեմ հաղորդում հանցագործության մասին. Ղազինյանը նոր փաստեր ունի

Կորոնավիրուսի դեմ պայքարը տապալված է, դրա մասին հաղորդումը հանցագործության մասին ներկայացված է առավելագուիյնս հիմնավոր, ներկայացված են կոնկրետ փաստական տվյալներ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը՝ հավելելով, որ հաղորդումը ինքը ներկայացրել է հունիսի 12-ին: Այս մասին հաղորդում է Irakanum.am-ը։

«Ներկայացվել են տվյալներ, որ հասարակությունից թաքցվել են եւ աղավաղվել են մարդկանց կյանքի եւ առողջության համար կենսական վտանգ ներկայացնող տեղեկատվությունը նման տեղեկատվություն ներկայացնելու պարտավորություն ունեցող սուբյեկտների կողմից: Դա կատարվել է ոլորտի համար պատասխանատու սուբյեկտի կողմից, որը հանգեցրել է մահվան կամ ծանր հետեւանքների: Հաղորդումը հիմնված է եղել Քրեական օրենսգրքի 278-րդ հոդվածի վրա:

Մեր այս հաղորդումը որեւէ առնչություն չունի արձանագրված 600 մահերի, հանցավոր անփութության, ապա նաեւ համավարակի շուրջ պտտվող կոռուպցիոն հնարավոր ռիսկերի հետ»,-ասաց Ղազինյանը:

Նրա խոսքով՝ ՀՔԾ-ն մերժել է հանցագործության մասին հաղորդումը, հրաժարվել է հարուցել քրգործ: Նախաքննական մարմինը հաստատված է համարել այն հանգամանքը, որ առողջապահության ոլորտում մարդու եւ կյանքի մասին տեղեկատվություն տրամադրելու պարտավորություն ունեն ՀՀ-ում առողջապահության քաղաքականության համար պատասխանատու սուբյեկտները: «Այդ քաղաքականությունը մշակում է կառավարությունը, իսկ լիազոր մարմին է հանդիսանում առողջապահության նախարարությունը: Հետեւաբար տեղեկատվություն տրամադրելու պարտավորություն ունեն ՀՀ վարչապե Նիկոլ Փաշինյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը եւ նախարարության այլ պաշտոնատար անձինք»,- նշել է նա։

Հանցակազմի օբյեկտը առողջապահության ոլորտում հասարակական հարաբերություններն են: Իսկ հանցակազմի սուբյեկտիվ կողմը սահմանված է քրեական օրենսգրքի 308 հոդվածում, որտեղ նշված է. «Պաշտոնատար անձի կողմից իր դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը, շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների օրինական շահերին, հասարակության կամ պետական օրինական շահերի գույքային վնասի հանցագործության եւ այլն»:

Այս դեպքում խմբային շահ դիտարկվել է 2020 թվականի փետրվարի 6-ին ընդունված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Դա Նիկոլ Փաշինյանի իշխանության եւ ՔՊ-ի խմբային շահն է:

Քննիչը հիմք է ընդունել միայն առողջապահության փոխնախարարի տեսակետը, մինչդեռ նա պետք է համալիր միջոցառումներ իրականացներ, վերցներ բացատրություններ Նիկոլ Փաշինյանից, Արսեն Թորոսյանից, Նորքի ինֆեկցիոն կլինիկայի տնօրենից եւ այլ սուբյեկտներից, որոնք տրամադրել են այս ընթացքում կորոնավիրուսի ռիսկերի ու վտանգի մասին:

Երկրորդ, քննիչը չի վերցրել եւ չի համադրել այս պահին միակ հասանելի եւ մի տեղ կուտակվող աղբյուրը՝ ԱՀԿ-ի կողմից փետրվարի 6-ից մինչեւ մարտի 16-ը տրամադրված տեղեկատվությունը կորոնավիրուսի մասին Նիկոլ Փաշինյանի եւ Արսեն Թորոսյանի կողմից հանրությանը տրամադրված տեղեկատվության հետ, որ գտներ այն խեղաթյուրումներն ու փաստերը թաքցնելու դեպքերը, որոնք առկա են եղել այս ընթացքում»:

Արթուր Ղազինյանը նշեց, որ ՀՔԾ-ն ըստ էության, հաստատված է համարում այն հանգամանքը, որ կառավարությունը չի ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ եւ գործել է ըստ իրավիճակի. «Այսինքն չեն ձեռնարկվել միջոցառումներ, որոնք կկանխեին վիրուսի ներթափանցումը Հայաստան, դրա տարածումը»:

«Ուղիղ մեկ ամիս առաջ պարետատան նիստից հետո Նորքի ինֆեկցիոն կլինի կայի տնօրենը բրիֆինգի ժամանակ 4 անգամ ասաց փետրվար եւ 4 ամիս արտահայտությունը: Նրանք տրամադրել են, որ փետրվարին արդեն ՀՀ-ում եղել է հաստատված վարակակիր, ինչը Փաշինյանը փորձեց հերքել, ասաց, որ դա վրիպակ է:

Ես կարող եմ հաստատապես պնդել, որ եւ Մհեր Դավիդյանցը, եւ ՀՔԾ-ն հաստատել են ուղղակիորեն, որն մեզնից թաքցվել է առաջին վարակակրի հանգամանքը: Դա արվել է մեկ նպատակով, որն արտահայտված է Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեջ, որ կորոնավիրուսի ամենամեծ վտանգը խուճապն է: Այսինքն նպատակ է եղել մարդկանց զգոնությունը թուլացնելը, ապրիլի 5-ին սահմանադրական հանրաքվեն անցկացնելը եւ իրենց համար անհրաժեշտ «այո» ձայներ հավաքելը»:

Արթուր Ղազինյանը ընդգծեց, որ քննիչը ներկայացրել է, որ ԱՀԿ-ն կորոնավիրուսը պանդեմիա է հայտարարել մարտի 13-ին, մինչդեռ դա եղել է մարտի 11-ին. «Մենք մտածեցինք, որ միգուցե դա պայմանավորված է նրանով, որ Նիկոլ Փաշինյանը մինչեւ մարտի 12-ը հավաքներ է անցկացրել Սյունիքի մարզում, որը մարտի 13-ին դադարեցվել է: Միգուցե քննիչը քաղաքական ցուցումով որոշել է այդ երկու օրվա խնդիրը լուծել: Բայց մենք գտանք կառավարության որոշում, որտեղ նույնպես նշված է մարտի 13: Ես չեմ հավատում, որ ՀՀ կառավարությունում ոչ ոք չգիտեր, որ պանդեմիան ԱՀԿ-ն հայտարարել է մարտի 11-ին: Որոշումը ստորագրված է Նիկոլ Փաշինյանի կողմից: Մեր խորին համոզմամբ տեղի է ունեցել պաշտոնական կեղծիք:»:

Նա ընթերցեց քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածը, որտեղ նշված է. «Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, թվական փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը»:

Ղազինյանն անդրադարձավ նաեւ մարտի 1-ի երթը չեղարկելուն, որտեղ որպես հիմնավորում նշված էր, որ հաշվի են առել առողջապահության նախարարության հորդորը. «Այդ ինչ հորդոր է եղել, որ ուղղված է եղել միայն ՔՊ-ին, ինչու է այն ուղղված եղել միայն իշխող խմբին, ինչու դրա մասին չեն տեղեկացվել ՀՀ քաղաքացիները, քաղաքական ուժերը, ՀԿ-ները եւ ինչ կանխարգելիչ միջոցառումների մասին է նշել առողջապահության նախարարությունը: Բայց նույն մարտի 1-ին Նիոկլ Փաշինյանը մետրոյում բաժանում էր բուկլետներ, դրանից հետո մեկնեց Սյունիք, սկսվեցին զանգվածային միջոցառումներ: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սյունիքի մարզում ամսի 12-ին շփվել է հաստատված վարակակրի հետ, թեստ է հանձնում եւ գնում ինքնամեկուսանալու: Այսինքն բավարար տվյալներ կան պնդելու, որ Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով ՀՀ-ում տարածել է մահաբեր կորոնավիրուս՝ ունենալով խմբային շահ:

Պաշտոնական կեղծիքի փաստով ես այսօր ՀՔԾ կներկայացնեմ հաղորդում հանցագործության  մասին: Ուզում եմ կրկնել, որ ՀՀ-ում տեղի է ունեցել հանցագործություն, որն իր մասշտաբով չունի նախադեպ, մահացել է 600-ից ավել մարդ: Մեր տնտեսությունը գտնվում է փլուզման եզրին, փակվել են հազարավոր կազմակերպություններ, մնացել են գործազուրկ տասնյակ հազարավոր մարդիկ, առողջապահական համակարգը գտնվում է վատթարագույն վիճակում: Այս հիմքով պետք է լինեն պատասխանատու անձինք եւ նրանք մենք դիտարկում ենք Նիկոլ Փաշինյանին եւ Արսեն Թորոսյանին»:

կիսվել նյութով -