366 դիտում, 2020.07.03 09:25

Հետաքրքիր զարգացումներ՝ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում. տնօրենի ազատման հետքերով. «Ժողովուրդ»

Հետաքրքիր զարգացումներ՝ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում. տնօրենի ազատման հետքերով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում. նախ՝ աշխատանքից ազատվել է պարկի տնօրենը՝ Վարդան Վարդանյանը: Ասել է թե՝ նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը չի ցանկացել շարունակել աշխատել նախկին նախարար Էրիկ Գրիգորյանի կադրերի հետ: Վարդանյանի ազատվելուց հետո սկսել են ազատման դիմումներ գրել նաև ՊՈԱԿ-ի մյուս աշխատողները:

Հիշեցնենք՝ նախորդ տարվա դեկտեմբերի 17-ին տեղի էր ունեցել ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթը. արդյունքում ՊՈԱԿ-ի խորհուրդը քվեարկել էր առաջադրված թեկնածուներից Վարդան Վարդանյանի օգտին: Սակայն մրցույթին մասնակցած թեկնածուները դժգոհ էին արդյունքներից և պահանջում էին չեղարկել մրցույթի արդյունքները: Չնայած սրան՝ Վարդանյանը մի քանի ամիս շարունակեց պաշտոնավարել:

Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է արդեն գործազուրկ տնօրենի հետ և հետաքրքրվել ազատման իրական պատճառների մասին: Նախ՝ նշենք, որ սա անակնկալ է եղել Վարդանյանի համար: «Ճիշտն ասած ես հիմա վատառողջ պառկած եմ, բայց աշխատանքային պայմանագրի ժամկետն ավարտվել է, չի երկարաձգվել: Բնականաբար, այն չի երկարաձգվել գործատուի՝ նախարարության կողմից: Մինչև ծանուցում ստանալը անակնկալ էր ինձ համար: Պարզապես ծանուցել են, որ պայմանագիրը չի երկարաձգվել: Ես ինքս կուզեի իմանալ, թե ինչ խնդիր է եղել:

Առողջանալուց հետո կորոշեմ թե ինչ անել»,- տեղեկացրել է Վարդան Վարդանյանը:

Ի դեպ, նշենք, որ այժմ ՊՈԱԿ-ի տնօրենի լիազորություննները ժամանակավորապես կատարում է տեղակալը՝ Արայիկ Հունանյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

կիսվել նյութով -