կարևոր
2127 դիտում, 3 տարի առաջ - 2020-07-02 21:05

Գույքահարկի փոփոխության ազդեցությունը առաջիկա 2 տարում չի զգացվի. 1-ին տարում անգամ նվազում կլինի

Գույքահարկի փոփոխության ազդեցությունը առաջիկա 2 տարում չի զգացվի. 1-ին տարում անգամ նվազում կլինի

ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը վստահեցնում է, որ մարդիկ գույքահարկի բարձրացման ազդեցությունը 2021-2022 թթ․ գրեթե չեն զգա, 1-ին տարում, բացառությամբ շքեղ գույքի, անգամ հարկի նվազում կնկատվի, բարձրացումը կզգացվի ավելի ուշ: Թունյանը նման տեսակետ հայտնեց Տնտեսական լրագրողների ակումբի կազմակերպած առցանց քննարկմանը:

Թունյանը նշեց, որ այս փոփոխությունների արդյունքում առաջիկա երկու տարիներին գույքահարկերը գրեթե չեն ավելանալու: «Երևանում գտնվող մոտ 500 ք. մետր հասարակական նշանակության շինությունը, որը կարող է օգտագործվել որպես խանութ, որպես ռեստորան կամ մեկ այլ օբյեկտ, այսօր տալիս է 315 հազար դրամ գույքահարկ, 2021 թվականին տալու է 115 հազար դրամ հարկ, 2022-ին տալու է 160 հազար դրամ հարկ, 2024 և 2025թվականներին տրվելիք հարկը նոր գերազանցելու է այսօրվա մակարդակը: Հասարակական նշանակության գույքի 70 տոկոսի դեպքում նույն պատկերն է»,-ասաց Թունյանը:

Պատգամավորը նկատեց, որ բիզնեսի համար հակառակը՝ կորոնավիրուսի հետճգնաժամային պայմաններում բավականին լավ ստարտային իրավիճակ է ստեղծվում, գույքահարկերի ուղղությամբ բավականին գումար կարող են խնայել: Բնակչության սոցիալական վիճակը հաշվարկների մեջ ևս հաշվի առնված է:

Թունյանը մի քանի օրինակ ևս բերեց. «Սախարովի փողոցում 50 ք. մետրանոց բնակարանի համար հիմա վճարվում է 4400 դրամ գույքահարկ, նոր հարկը կլինի 12500 դրամ, սակայն որը վճարվելու է 2026 թվականին, 2021 թվականին վճարելու է 3100 դրամ, 2022 թվականին՝ 3700 դրամ: Կամ օրինակ Մոսկովյան փողոցում 75 քառ մետրանոց բնակարանի համար հիմա վճարվում է 7800 դրամ, նոր հարկը 2026 թվականին կդառնա 28 հազար դրամ, բայց 2021-ին վճարվելու է 7000 դրամ, 2022-ին՝ մոտ 8000 դրամ: Առաջին տարում գրեթե ամբողջ անշարժ գույքի դեպքում նվազում է տեղի ունենում՝ բացառությամբ շքեղ գույքի, քանի որ այդտեղ տոկոսները բարձրացրել ենք, որ սոցիալական արդարության էլեմենտն ապահովենք: Մնացածի դեպքում առաջիկա 2 տարիներին այդ ազդեցությունը չեն զգա»:

Թունյանը նշեց, որ  այս ամենում իշխանությունը դրել է նաև քաղաքական տրամաբանություն, որ 2023-ին, երբ մարդիկ վճարելու են գույքահարկի 1/3րդը, հնարավորություն ունենան միջանկյալ ընտրություն կատարել: «Այսինքն՝ կլինեն խորհրդարանական ընտրություններ, իրենք կարող են ընտրել այն ուժերին, որոնք կգան ու կասեն, որ այս ռեֆորմը սխալ է»,-ասաց նա ու հավելեց, որ միջանկյալ ընտրության հնարավորութունը տրվել է հանրությանը:

ՀՀ ազգային ժողովը հունիսի 25-ին ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով ըստ էության աստիճանաբար առաջարկվում է գույքային հարկի բեռի բարձրացում: Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է կադաստրային արժեքների հիման վրա անշարժ գույքի գծով հարկային պարտավորությունների հաշվարկման համակարգից անցում կատարել շուկայական արժեքներին մոտարկված արժեքների հիման վրա անշարժ գույքի հարկի հաշվարկման համակարգին: Առաջարկվում է սահմանել գույքի հարկով հարկման բազայի  նոր սանդղակներ, իսկ որոշ գույքային միավորների համար՝ նաև նոր դրույքաչափեր, վերացնել բնակարանների և բնակելի տների մասով սահմանված չհարկվող շեմերը՝ բնակարանների մասով մինչև 10 մլն դրամ, բնակելի տների մասով մինչև 7 մլն դրամ գնահատված արժեք ունեցող գույքային միավորների համար սահմանելով  0.05 տոկոս հարկման դրույքաչափ: Ավելի բարձր գույքահարկերին անցնելու համար սահմանվել է 6 տարի: Այսպիսով՝ անշարժ գույքի սեփականատերերը առաջին տարում՝ 2021 թվականին կվճարեն գույքահարկի 25 տոկոսը, 2022 թվականին՝ 30 տոկոսը, 2023 թվականին՝ 35 տոկոսը, 2024 թվականին՝ տոկոսը, 2025 թվականին՝ 75 տոկոսը, 2026 թվականին՝ 100 տոկոսը: