344 դիտում, 2020.07.02 18:09

Գեղարքունիքի մարզպետն այցելեց միասնական քննությունների մասնակիցներին

Գեղարքունիքի մարզպետն այցելեց միասնական քննությունների մասնակիցներին

Գեղարքունիքի մարզում մեկնարկած միասնական քննությունների ընթացքը դիտարկելու նպատակով հուլիսի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելեց համապատասխան դպրոցներ, որտեղ տարբեր խմբերով ընթանում էին քննությունները: Ինչպես տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, մինչեւ քննությունների մեկնարկը դիմորդների շրջանում իրականացվել են ջերմաչափումներ, տարածքի ախտահանումներ եւ արտակարգ դրությամբ պայմանավորված այլ միջոցառումներ:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը քննական կենտրոնի ղեկավար Սասուն Մկրտումյանի ուղեկցությամբ քննասենյակներում դիտարկել է քննությունների ընթացքը: Քննական կենտրոնի ղեկավարի տեղեկացմամբ՝ 94 դիմորդներ քննություն են հանձնել անգլերեն, 4 դիմորդ՝ գերմաներեն եւ 7 դիմորդ՝ ռուսաց լեզու առարկաներից:

«Ոչ մի խոչընդոտ չառաջացավ, դիմորդները  սահմանված կարգով մուտք են գործել քննասենյակներ, եւ քննությունը սկսվել է: Քննական ընթացքին հետեւում են գնահատման եւ թեստավորման կենտրոնի լիազոր ներկայացուցիչները եւ կազմակերպիչները: Այս պահի դրության ոչ մի դիմորդի մոտ ջերմության խնդիր չի առաջացել, ներկայացուցիչները նույնպես ջերմաչափվել են, ամեն ինչ նորալ է: Մեր դիմորդներին մաղթում եմ հաջողություններ»,- ներկայացրել է Սասուն Մկրտումյանը:

Շրջայցից հետո իր տպավորություններն է ներկայացրել մարզպետ Գնել Սանոսյանը: «Շրջայցի ընթացքում ես եկա այն համոզման, որ բավականին լավ է կազմակերպված ամեն ինչ, խրախուսելի է նաեւ այն փաստը, որ տեխնիկական որոշակի լուծումների ընթացքում ծնողները հնարավորություն ունեն տեսնելու, հետեւելու, թե ինչ է կատարվում դահլիճում: Կարեւոր է նաեւ այն, որ քննությունից հետո դիմորդները հնարավորություն ունեն պատճենահանել իրենց աշխատանքները եւ տուն տանել: Հույս ունեմ, որ ստեղծված պայմաններում մեր դիմորդները կկարողանան հանգիստ շարադրել իրենց գիտելիքները: Բոլոր դիմորդներին մաղթում եմ հաջողություններ»,-  նշել է Գնել Սանոսյանը:

կիսվել նյութով -