360 դիտում, 2020.07.02 16:05

Նախօրեին Անդրանիկի փողոցում կրակոցներ կատարած անձանց ինքնությունը բացահայտվել է․ կան ձերբակալվածներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հունիսի 30-ին՝ ժամը 16.30-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժնում, վայրկյանների տարբերությամբ, երկու ահազանգ ստացվեց՝ գրեթե նույն բովանդակությամբ. Անդրանիկի փողոցի թիվ 149 շենքի բակում կրակոցներ են հնչել։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունիից:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը տարածքի զննությամբ արնանման հետքեր հայտնաբերեցին։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողություններին միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները. արդյունքում` փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ մի քանի երիտասարդի մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել։

Այդ ընթացքում նրանցից մեկը գլխի շրջանում վնասվածք էր ստացել, ապա ատրճանակից կրակոցներ արձակել մյուս կողմի մեքենայի ուղղությամբ։ Կարճ ժամանակում պարզվեց նաև միջադեպի մասնակիցների ինքնությունը և սկսվեցին նրանց հայտնաբերման միջոցառումներ։ Արդյունքում` նույն օրը Երևանի բնակիչ երկու երիտասարդ ձերբակալվեցին։ Հրազենը հայտնաբերելու միջոցառումներն ու հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում են։

կիսվել նյութով -