194 դիտում, 2020.07.02 13:51

ՀՀ-ի ու Ղազախստանի միջև համաձայնագիրը կնպաստի վառելիքի շուկայում մրցակցությանը. նոր որոշում

ՀՀ-ի ու Ղազախստանի միջև համաձայնագիրը կնպաստի վառելիքի շուկայում մրցակցությանը. նոր որոշում

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Ղազախստանի կառավարության միջև Հայաստան նավթամթերքի մատակարարումների բնագավառում առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրին։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասել է, որ համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ և Ղազախստանի միջև նավթամթերքի առաքման ոլորտում համագործակցության հետաքրքրվածությամբ։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հավելել է՝ սա կարևոր համաձայնագիր է, որը քննարկվել ու բանակցվել է մոտ 1,5 տարի։

«Այս համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետո հնարավորություն է տրվելու ղազախական վառելիքն ավելի բարելավված պայմաններով ներկրել դեպի ՀՀ, որը ենթադրում է, որ մեր վառելիքի շուկայում որոշակի մրցակցության հնարավորություն է ստեղծվելու։ Այն  ենթադարաբար ազդելու է Հայաստանում բենզինի շուկայի վրա»,- ասել է փոխվարչապետը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշել է․ «Այո, շատ կարևոր է, ինչքան էլ մենք ասենք, որ 2018 թվականից հետո մենաշնորհային երևույթները մասնավորապես նավթամթերքի շուկայում մեղմացել են, բայց դա չի նշանակում, որ վերացել են, և այստեղ մեր սպառողների իրավունքները պաշտպանելու, և նաև մրցակցությունը խթանելու հետ կապված մենք շատ անելիք ունենք։ Մենք մինչև վերջ Հայաստանում որևէ արհեստական մենաշնորհ չպետք է թույլ տանք, որովհետև դա առաջին հերթին ազդում է սպառողների իրավունքների պաշտպանության վրա»։

կիսվել նյութով -