266 դիտում, 2020.07.02 13:06

Արցախում եկող տարի նախատեսվում է երկնիշ տնտեսական աճ

Արցախում եկող տարի նախատեսվում է երկնիշ տնտեսական աճ

 Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում ներկայացրեց հունիսի 29-ին հրապարկված Արցախի նախագահի 2020-2025 թթ. ծրագրի դրույթները: Հարությունյանն ասաց, որ Արցախի համար կարևոր խնդիրներից մեկը պետք է լինի բանակի մարտունակության աստիճանի բարձրացումը:

«Բանակը մշտապես լինելու է իմ ուշադրության կենտրոնում՝ անկախ իմ զբաղեցրած պաշտոնից ու հնարավորությունից: Մենք ամեն օր պետք է բարձրացնենք մեր մարտունակության աստիճանը և 1-2 տարի հետո լուրջ առաջընթաց կարձանագրենք այդ ուղղությամբ: Այն, ինչ վերջին 2-3 տարիների ընթացքում տեսել ենք բանակի մարտունակության, սոցիալ-կենցաղային պայմանների փոփոխության առումով, շարունակվելու է»,- նշեց Հարությունյանը:

Նրա խոսքով՝ ամեն ինչ պայմանավորված է տնտեսական աճով ու ցուցանիշներով: ԱՀ նախագահը հայտնեց, որ առաջիկա 5 տարվա համար երկրի համար տնտեսական աճի նվազագույն ցուցանիշը պետք է լինի 8 տոկոս:

«Ուզում եմ վստահեցնել, որ որ դա գերակատարվելու է: 2020 թվականի մասին ոչինչ չեմ կարող ասել, քանի որ ամբողջ աշխարհում էլ, մեզ մոտ էլ տարածված է կորոնավիրուսային հիվանդությունը, և այն ազդում է տնտեսության վրա: Արդեն 2021 թվականին կարող ենք ունենալ երկնիշ տնտեսական աճ: Ծրագրում նշել եմ տարեկան 5 հազար աշխատատեղ, բայց շատ ավելին է լինելու: Մենք լուրջ աշխատուժի կարիք ենք ունենալու շինարարության, գյուղատնտեսության, վերամշակման բնագավառներում»,-ասաց Արայիկ Հարությունյանը և հավելեց, որ իրենք պետք է փորձեն ճիշտ իրականացնել վերաբնակեցման, հայրենադարձության քաղաքականությունը, ինչը թույլ կտա լուծել աշխատուժի խնդիրը:

Նա վստահեցրեց, որ ամեն տարի շարունակաբար աճելու են աշխատավարձները, թոշակներն ու նպաստները:

«Նախատեսել ենք 40 հազար հա ոռոգվող տարածք ունենալ, այդ ծրագիրն արդեն սկսված է: Սա հնարավորություն կտա լուրջ դերակատարություն ունենալ Հայաստանի պարենային անվտանգության ապահովման համակարգում: Արցախի դեպքում այդ խնդիրը չունենք, վաղուց լուծել ենք պարենային անվտանգության խնդիրը:Ունենալու ենք առնվազն 10 հազար հա պտղատու այգի»,- ասաց Հարությունյանը:

Նա ընդգծեց, որ շուտով սկսելու են ներկրել ոչխարների գլխաքանակ: Առաջին ներմուծումը կլինի սեպտեմբեր-հոկտեմբերին: Ամեն տարի փորձելու են մինչև 50 հազար գլուխ ներկրել: Գյուղատնտեսության ոլորտում նախատեսվում է ներդնել ապահովագրական պիլոտային համակարգ:

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ կարևորագույն ծրագրերից է լինելու բնակարանաշինությունը՝ հայտարարվել է տարեկան 1 000 բնակարան կառուցելու մասին: Այս ծրագրի համար արդեն իսկ կան ներդրողներ:

ԱՀ նախագահը խոսեց նաև ճանապարհաշինության մասին և հայտնեց, որ առաջիկա 5 տարում նախատեսվում է կառուցել նվազագույնը 80 կմ ճանապարհ:

կիսվել նյութով -