620 դիտում, 2020.07.02 12:35

Պատվաստանյութը լինելու է, և մենք վերադառնալու ենք մեր սովորական կյանքին. Արսեն Թորոսյան

Պատվաստանյութը լինելու է, և մենք վերադառնալու ենք մեր սովորական կյանքին. Արսեն Թորոսյան

Կառավարության նիստում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձավ կորոնավիրուսի պատվաստանյութերին՝ նշելով, որ աշխարհում արդեն 100-ից ավելի թեկնածու պատվաստանյութեր կան, որոնք հավակնում են դառնալ վերջնական արդյունք: Նախարարի խոսքով՝ դրանցից մոտ 20-ն ավելի հավանական են, որ կդառնան պատվաստանյութ: «Պատվաստանյութերը 3 փուլով են հետազոտվում շատ քիչ թվով անձանց վրա, հետո մի քանի հարյուրի, ապա նաև տասնյակ հազարների: Այդ փորձարկումները ցույց են տալիս, որ ամենայն հավանականությամբ լինելու են պատվաստանյութեր և լինելու են մի քանիսը:

Մենք հիմա բանակցություններ ենք վարում մի քանի ուղղություններով: Առաջինն ուղիղ արտադրողներն են, ես անձամբ եմ այդ բանակցությունները վարում: Երեկ խոսել եմ «Մոդեռնա» ընկերության կոմերցիոն տնօրենի հետ, որը մեր հայրենակից Նուբար Աֆեյանի հետ փոխկապակցված ընկերություն է: Այդ պատվաստանյութն ամենահավանական թեկնածուներից մեկն է: Նաև բանակցում ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի  պլատֆորմների հետ, որ փորձելու են հավաքական գնումներ իրականացնել: Այստեղ ամենամեծ վտանգն այն է, որ կարող են լինել երկրներ, որոնք միանգամից մեծ քանակի պատվաստանյութ կգնեն ու մյուս երկրներին դա հասնի շատ ուշ: Ասենք, որոշ երկրների պատվաստանյութը հասնի 2021-ի սկզբին, իսկ մյուս երկրներին՝ դրանից մեկ տարի հետո: Դրա համար շատ կարեւոր է բանակցությունները վարել հենց այսօրվանից, նույնիսկ դեռ չունենալով վերջնական արտադրանքը»,- ասաց նախարարը:

Արսեն Թորոսյանի խոսքով, տարբեր գնահատականներով՝ պատվաստանյութը երկրների համար հասանելի կլինի կամ այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին: Դա վերջնական պարզ կլինի աշնան սկզբին, որովհետև, ըստ նրա, երրորդ փուլի հետազոտությունների ամփոփումը սպասվում է այդ ժամանակ:

«Փաստը, որ դա լինելու է, և մենք վերադառնալու ենք մեր սովորական կյանքին, արդեն ուրախալի է: Պետք է հետ չմնանք զարգացումներից»,- ասաց Թորոսյանը: 

կիսվել նյութով -