308 դիտում, 2020.07.01 22:09

Լուսակունքում կկառուցվի լուսավորության ցանց եւ ոռոգման համակարգ

Լուսակունքում կկառուցվի լուսավորության ցանց եւ ոռոգման համակարգ

 Գեղարքունիքի մարզի Լուսակունք համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում կկառուցվի լուսավորության ցանց,  կիրականացվեն ոռոգման ջրատարի ներքին ցանցի հիմնանորոգման աշխատանքներ: Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից:

Լուսավորության ցանցի կառուցման ծրագրի ընդհանուր նախնական արժեքը կազմում է 9 միլիոն 68 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 6 միլիոն 292 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 3 միլիոն 388 հազար դրամը՝ Լուսակունքի համայնքապետարանը: Ոռոգման ջրատարի ներքին ցանցի մասնակի հիմնանորոգման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 8 միլիոն 904 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 6 միլիոն 232 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 2 միլիոն 672 հազար դրամը՝ Լուսակունքի համայնքապետարանը: Լուսակունք համայնքի ղեկավար Խաչիկ Խաչատրյանի հավաստմամբ՝ երկու ծրագրերի դեպքում էլ շինարարական աշխատանքների մրցույթը հայտարարված է:

«Լուսավորության ցանցը կառուցվելու է կենտրոնական փողոցում եւ 8-րդ փողոցի մի հատվածում՝ 1400 մետր ընդհանուր երկարությամբ: Ոռոգման ներքին ցանցը կառուցվելու է երկաթյա կիսախողովակներով՝  շուրջ 700 գծամետր ընդհանուր երկարությամբ: Այն անցնելու է կենտրոնական փողոցով եւ սպասարկելու է գյուղի ամենախոշոր թաղամասի տնտեսություններին: Ջրատարի գլխամասում, որը գտնվում է հարեւան Խաչաղբյուր համայնքում, կիրականացվեն բետոնապատման աշխատանքներ: Այս ծրագրի իրականացման արդյունքում նվազագույնի կհասցվեն ոռոգման ջրի կորուստները, կբարելավվի ջրամատակարարումը»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:

կիսվել նյութով -