ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց վիճակագրական տվյալներ կորոնավիրուսով հիվանդների առողջական վիճակի մասին։ Պարետատան նիստից հետո ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 10900 պացիենտ, որոնցից 2106 գտնվում է հիվանդանոցային պայմաններում:
«Նրանցից 536-ի առողջական վիճակը ծանր է, 117-ինը առանձնապես ծանր է, 1730 հիվանդի մոտ արձանագրվել է թոքաբորբ։ Երեկ մենք ունեցել ենք մահվան 10 նոր դեպք, իսկ մահերի ընդհանուր թիվը հասել է 453-ի»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ 2020 թվականի առաջին 5 ամիսների Հայաստանում ընդհանուր մահերի վիճակագրությունը բարվոք էր, սակայն այդ վիճակագրությունը արդեն իսկ փոխվել է։
«Ցավոք, պետք է արձանագրել, որ այս տարվա հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ ունեցել ենք մոտավորապես 30 տոկոսով ավելի շատ մահվան դեպքեր։ Իհարկե, մահվան վիճակագրությունների փոփոխությունը ոչ ամբողջությամբ է կախված կորոնավիրուսի հետ, բայց, իհարկե, կորոնավիրուսի ընթացիկ վիճակը էականորեն ազդում է այդ գործոնի վրա»,- եզրափակեց Փաշինյանը։
Հայաստանում հուլիսի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 26065 դեպք, որոնցից 14563-ն` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 111 665 թեստավորում:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 523 նոր դեպք և 515 առողջացած։
Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ: