456 դիտում, 2020.07.01 18:20

ԵՄ-ի և ԱՀԿ-ի շնորհիվ կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման 10 հազար թեստեր հասել են Հայաստան

ԵՄ-ի և ԱՀԿ-ի շնորհիվ կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման 10 հազար թեստեր հասել են Հայաստան

Երևան են հասել ԱՀԿ-ի կողմից Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ձեռք բերված ախտորոշման 10 000 թեստեր՝ աջակցելու  Հայաստանի արձագանքմանը համավարակին: Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԵՄ գրասենյակից։

Ախտորոշման թեստերը ձեռք են բերվել ՀՀ առողջապահության նախարարությանն աջակցելու նպատակով, ինչը թույլ կտա ընդլայնել քաղաքացիների՝ նոր կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման անվճար թեստավորումը երկրի ամբողջ տարածքում։ Այս մոտեցումը համահունչ է ԱՀԿ-ի առաջարկություններին. թեստավորել բոլոր կասկածելի COVID-19 դեպքերը՝ հիվանդությունը ժամանակին հայտնաբերելու և դրա տարածումը վերահսկելու նպատակով:

Մատակարարման որակի՝ ԱՀԿ հավաստիացում ստացած թեստերի այս տեսակի միջոցով հնարավոր կլինի ընդամենը 75 րոպեի ընթացքում ստանալ ճշգրիտ պատասխան: Նման կարճ ընթացքի շնորհիվ հնարավոր կդառնա խնայել բուժանձնակազմի ժամանակնու էներգիան, նվազեցնել մարդկային սխալները և մեկ օրվա ընթացքում թեստավորել ավելի շատ քաղաքացիների:

Ախտորոշման թեստերի առաքումը ստանալու նպատակով ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն էին այցելել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Եգոր Զայցևը,ՀՀ առողջապահության նախարարիտեղակալ Լենա Նանուշյանը և ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:

ԵՄ դեսպանը և ԱՀԿ ներկայացուցիչը հանձնել են թեստերը ՀՀ առողջապահության նախարարությանը՝որպես երկրում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխելու ուղղությամբ առավել լայն օժանդակության մաս: Թեստերը կուղարկվեն ազգային լաբորատորիա (ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիա), որն իրականացնում է կորոնավիրուսային հիվանդության թեստերի հիմնական ծավալը՝ Երևանում և մարզերում։

Ընդհանուր տեղեկություն

Նոր կորոնավիրուսային համավարակով ստեղծված ճգնաժամի սկզբից ի վեր ԵՄ-ն և ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակը ակտիվորեն աջակցում են Հայաստանին վարակի դեմպայքարում: Հակահամաճարակային արձագանքմանը  աջակցելու նպատակով՝ հունիսի 20-ին ԱՀԿ-ի և ԵՄ-ի համաֆինանսավորմամբ Հայաստան  է ժամանել փորձագետների խումբ: 

Թեստերի նվիրատվությունը նոր կորոնավիրուսային համավարակին ԵՄ արձագանքման մի մասն է։ Վիրուսից ներկայում տուժել է ավելի քան 188 երկիր և տարածք: 2020 թվականի մարտի 27-ին Եվրոպական միությունը հայտարարել է 30 միլիոն եվրո աջակցության փաթեթի մասին, որը կօգնի Արևելյան Եվրոպայի և Կովկասի վեց երկրներին, այդ թվում նաև Հայաստանին, կանխարգելել, հայտնաբերել և արձագանքել նոր կորոնավիրուսային համավարակին:

Ֆինանսավորումը կուղղվի առաջին հերթին անհապաղ և անհետաձգելի օգնության կարիքների բավարարմանը, ինչպիսիք են առողջապահական ոլորտի աշխատակիցների, առաջնագծի արձագանքողների և հիվանդների համար խիստ  կարևոր պարագաների  ձեռքբերումը: Երկարաժամկետ հեռանկարում աջակցությունը կուղղվի երկրի կարողությունների զարգացմանը՝ արձագանքելու առողջապահական արտակարգ իրավիճակներին։

կիսվել նյութով -