կարևոր
764 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-01 12:34

ՄԻՊ-ն ու ՄԻԵԴ-ը սկսում են նոր ծրագիր․ Արման Թաթոյանը Ստրասբուրգում հանդիպել է դատարանի նորընտիր նախագահի հետ

ՄԻՊ-ն ու ՄԻԵԴ-ը սկսում են նոր ծրագիր․ Արման Թաթոյանը Ստրասբուրգում հանդիպել է դատարանի նորընտիր նախագահի հետ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով մեր երկրի և Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության համար ևս մեկ կարևոր ձեռբքերման մասին։

«Երեկ Ստրասբուրգում տեղի ունեցան իմ հերթական արդյունավետ խորհրդակցությունները Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նորընտիր նախագահ Ռոբերտո Սպանոյի հետ: Խորհրդակցություններին մասնակցում էին նաև Եվրոպական դատարանի դատավոր Արմեն Հարությունյանը և դատարանի քարտուղար Ռոդերիկ Լիդելլը:

Եվրոպական դատարանի նախագահն ընդգծեց, որ դատարանի համար կարևոր նշանակություն ունի Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի երրորդ կողմ հանդես գալը ՄԻԵԴ-ում, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինություն ներկայացվող մեր անկախ դիրքորոշումները՝ կապված Հայաստանի կողմից դատարանի վճիռների կատարման վիճակի հետ:

Ուրախ եմ տեղեկացնելու, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի միջազգային նշանակությունը հաշվի առնելով՝ ՄԻԵԴ նախագահն առաջարկեց դատարանի հետ նախաձեռնել ծրագիր՝ ուղղված Եվրոպայում Օմբուդսմանների և Եվրոպական դատարանի համագործակցության միջազգային փորձի զարգացմանը:

Որպես այդ միջոցառումների հիմնական զեկուցող՝ Եվրոպական դատարանը առաջարկեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի թեկնածությունը։ Ընդ որում, պայմանավորվեցինք, որ դա կարող է արվել կա՛մ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի, կա՛մ որևէ այլ համանման ձևաչափով:

Դատարանի նախագահը բարձր գնահատեց նաև Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցների նշանակությունը դատարանի համար և մեր փորձը երկրում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Կոնվենցիայի ներդրման հարցում։

Նշեմ, որ Եվրոպական դատարանի նախագահը նախկինում եղել է Իսլանդիայի Օմբուդսմանը, ինչն ավելի նպաստեց քննարկումների արդյունավետությանը»,- գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: