Արագածոտնի մարզում, այսօր՝ հուլիսի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 04։00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 30 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Օհանավան գյուղի բնակիչ, 39-ամյա Էդգար Պետրոսյանին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղ 1 ժամ անց գիտակցության չգալով՝ մահացել է, իսկ վարորդը, նրան թողնելով անօգնական, դիմել է փախուստի։
Ոստիկանության աշխատակիցները պարզել են վրաերթը կատարողի ինքնությունը, և օպերատիվ խմբերը մեկնել են կասկածյալի բնակության վայր: Վրաերթի հեղինակը Օհանավան գյուղի բնակիչ՝ 29-ամյա Կոլյա Հայրապետյանն է։
Վերջինիս հարազատների հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում Կ. Հայրապետյանը առավոտյան ներկայացել է Աշտարակի ոստիկանություն և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը՝ իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով։
Վերջինս ոստիկանության Աշտարակի բաժնից ներկայացվել է քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։