764 դիտում, 2020.06.30 19:44

Նախագահը չստորագրեց, բայց հաստատեց փոփոխությունը

Նախագահը չստորագրեց, բայց հաստատեց փոփոխությունը

Այսօր Ազգային Ժողովում Սահմանադրական դատարանի մասին օրենքում եւ հարակից փաստաթղթերում փոփոխություններից կարճ ժամանակ անց նախագահ Արմեն Սարգսյանը շտապել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացնել, որ դրանք՝ իր կողմից չեն ստորագրվելու:

Լուրը կայծակնային արագությամբ տարածվել է, կարծիք ստեղծելով, որ նախագահ Սարգսյանը դեմ է այդ փոփոխություններին։ Սակայն նման շտապողական հայտարարության ու լուրի տարածման շարժառիթն այլ է։

ՀՀ Սահմանադրության 55 հոդվածի համաձայն, Հանրապետության նախագահը Ազգային ժողովի ընդունած օրենքը ստանալուց հետո, քսանմեկօրյա ժամկետում, ստորագրում եւ հրապարակում է այն: Այդ ժամկետում կարող է Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքն առարկություններով, առաջարկություններով վերադարձվել Ազգային ժողով, պահանջելով նոր քննարկում: Հնգօրյա ժամկետում ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի կողմից վերստին ընդունված օրենքը։ Սակայն մեկ այլ հոդվածը պարզում է, թե ինչու՞ է Արմեն Սարգսյանը շտապ հայտարարություն տարածել։

Սահմանադրության 129 հոդվածի համաձայն, առաջին կետով արձանագրում է՝ Ազգային ժողովի ընդունած օրենքը Հանրապետության նախագահը ստորագրում եւ հրապարակում է քսանմեկօրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով: Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա Ազգային ժողովի նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում եւ հրապարակում է օրենքը:

Այսպիսով, Արմեն Սարգսյանը, ենթադրաբար շտապել է հայտարարել իր չստորագրելու մասին, որ Ազգային ժողովի նախագահը կարողանա արագացված կարգով այն հրապարակի։ Թեեւ իրավաբան փորձագետներն արդեն կարծիք են հայտնում, որ այս քայլերում եւս կա օրենքի խախտում։

կիսվել նյութով -