կարևոր
1278 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-30 11:43

Մյուս նախաձեռնությունների տրամաբանական շարունակությունն է. նախարարը՝ գույքահարկի փոփոխության մասին

Մյուս նախաձեռնությունների տրամաբանական շարունակությունն է. նախարարը՝ գույքահարկի փոփոխության մասին

 Հայաստանում գույքահարկի փոփոխությունները պատահական բնույթ չեն կրում, դրանք տրամաբանական շարունակությունն են մի շարք այլ նախաձեռնությունների: Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: 

«Մենք ըստ էության բարեփոխումների գործընթացի հերթական փուլում ենք: Սա ոչ թե պատահաբար տեղի ունեցած իրադարձություն է, այլ տրամաբանական շարունակությունն է այն նախաձեռնությունների, որոնց բազմիցս մանրամասն անդարդարձել ենք: Մասնավորապես, հարկային համակարգի հայեցակարգային փոփոխությունների մասին է խոսքը: Մենք ըստ էության 2 մասի էինք բաժանել միջոցառումները, որոնք նախատեսում էինք իրականացնել հարկային համակարգի փոփոխությունների ուղղությամբ»,-ասաց նախարարը: 

Ջանջուղազյանը հիշեցրեց, որ առաջին խումբ միջոցառմամբ մեղմել են ուղղակի հարկերի բեռը: Նախորդ տարի հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով ներմուծվել է համահարթ եկամտային հարկի դրույքաչափ՝ 23 տոկոս մակարդակում, որը աստիճանական նվազմամբ պետք է հասնի մինչև 20 տոկոսի: Ջանջուղազյանը հիշեցրեց նաև, որ կառավարությունը քննադատության էր ենթարկվում, որ այդ կերպ վերացվում է պրոգրեսիվությունը, այլ կերպ ասած՝ շատ եկամուտ ստացողից շատ հարկ գանձելու մոտեցումը դուրս է մնում: «Ինչին ի պատասխան մենք ձևակերպել էինք հետևյալ թեզը, որ այդ պրոգրեսիվությունն ըստ էության ձևական է, քանի որ եկամտային հարկ վճարողների 65 տոկոսը գտնվում էր 23 տոկոս դրույքաչափով հարկման միջակայքում, միայն մոտ 1400 հարկ վճարող էր վճարում ավելի բարձր դրույքաչափով: Եվ որպես պրոգրեսիվության հասնելու ճանապարհ առաջարկվեց հարկել ոչ միայն կոնկրետ ժամանակահատվածի ստացված եկամուտը, այլ տեսանելի հարստությունը, տվյալ դեպքում խոսքը վեարբերում է գույքին: Եվ ենթադրվում էր, որ պրոգրեսիվություն կներմուծվի գույքի հարկման համակարգում»,-ասաց Ջանջուղազյանն ու նշեց, որ սա հարկային բարեփոխումների մի մասն է. մյուս մասին դեռ չանդարդարձավ: 

Նախարարը նաև հիշեցրեց, որ անցյալ տարի օրենքի փոփոխությամբ վերանայվեցին նաև կադաստրային արժեքները, մոտարկվեցին շուկայական արժեքներին: Կադաստրի կոմիտեի պետ Սուրեն Թովմասյանը նշեց, որ դեռ 2018-ին կոմիտեն ձեռնամուխ է եղել կադաստրային արժեքների վերանայման քաղաքականությանը: «Մոտավորապես վերլուծվեցին կադաստրի կոմիտեում կենտրոնացված բազայի 3 տարվա տվյալները և գնահատվեց գրեթե 50 հազար անշարժ գույք: Եվ ըստ այս վերլուծության որոշվեց ՀՀ գոտիականությունը, ՀՀ տարածքը բաժանվեց 20 գոտիների, որը 2019-ի նոյեմբերին ԱԺ-ի կողմից հավանության արժանացավ»,-ասաց նա:

Ներկայում գործում է 2 տիպի կադաստրային արժեք, դրանցից մեկը հարկման հիմքում ընկած կադաստրային արժեքն է, մյուսը՝ համայնքային և պետական սեփականության հողերի օտարման համար հաշվարկվող կադաստրային արժեքը: «Եվ եթե ելնենք այս տեսանկյունից, ուրեմն սկսած 1994-ից, սահմանվել է հարկման հիմք հանդիսացող կադաստրային արժեք՝ օրինակ Երևանի կենտրոնի համար 1 քմ-ի համար 2585 դրամ: Սա նշանակում է, որ կենտրոնում 1-ին գոտում գտնվող 1000 քմ հողը ըստ էության արժե 2 մլն 585 հազար դրամ՝ հարկման համար և որպես հարկ գեներացվում է դրա 1 տոկոսը: Վերլուծելով իրավիճակը՝ մենք հասկացանք, որ շուկան և ներկա իրավիճակը բացարձակապես աղերս չունեին իրար հետ և բացարձակապես տարբեր թվաբանական շարքերի հետ գործ ունեինք: Եվ այս գործընթացի կազմակերպման ամբողջ իմաստն այն էր, որ արտացոլեինք իրական պատկերը և շուկայում ստեղծենք մի իրավիճակ, որ յուրաքանչյուր թիվ ունենա հստակ հիմնավորում»,-նշեց Թովմասյանը: 

ՀՀ ազգային ժողովը հունիսի 25-ին ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով ըստ էության աստիճանաբար առաջարկվում է գույքային հարկի բեռի բարձրացում: Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է կադաստրային արժեքների հիման վրա անշարժ գույքի գծով հարկային պարտավորությունների հաշվարկման համակարգից անցում կատարել շուկայական արժեքներին մոտարկված արժեքների հիման վրա անշարժ գույքի հարկի հաշվարկման համակարգին: Առաջարկվում է սահմանել գույքի հարկով հարկման բազայի  նոր սանդղակներ, իսկ որոշ գույքային միավորների համար՝ նաև նոր դրույքաչափեր, վերացնել բնակարանների և բնակելի տների մասով սահմանված չհարկվող շեմերը՝ բնակարանների մասով մինչև 10 մլն դրամ, բնակելի տների մասով մինչև 7 մլն դրամ գնահատված արժեք ունեցող գույքային միավորների համար սահմանելով  0.05 տոկոս հարկման դրույքաչափ: