կարևոր
2456 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-30 11:20

Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել. օրակարգում ՍԴ-ին առնչվող նախագծեր են

Ազգային ժողովը արտահերթ նիստ է հրավիրել. նիստի օրակարգում ընդգրկված է երկու հարց:

Խորհրդարանականներն առաջին և երկրորդ ընթերցմամբ կքննարկեն Սահմանադրական դատարանի նախագահի և 3 դատավորի լիազորությունների դադարեցման համար իրավական հիմք սահմանող օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծերով ակնկալվում է սահմանել և հստակեցնել 2020 թվականի հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխությունների օրենսդրական հիմքերը և ապահովել կատարված փոփոխություններին համահունչ` Սահմանադրության 7-րդ գլխի կանոններով նախատեսված` Սահմանադրական դատարանի ձևավորման գործընթացի ավարտը:

Այնուհետև պատգամավորները կքննարկեն Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի մասին ԱԺ որոշումն ուժը կորցրած ճանաչելու որոշման նախագիծը:

Ազգային ժողովը հունիսի 22-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգավորների կողմից ներկայացված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով պաշտոնանկ են արվել ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամները՝ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը և Հրանտ Նազարյանը, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը շարունակելու է պաշտոնավարել, որպես ՍԴ անդամ: