Հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացնում իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման դեպքերի առթիվ: Հանցագործության մասին հաղորդման բովանդակությունը ներառում է այս երկու տարիների ընթացքում քաղաքական իշխանության կողմից նախաձեռնված և իրականացված ամբողջ գործընթացը: Այս մասին Դատախազության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունների կողմից ՀՀ գլխավոր դատախազություն հանձնած դիմումին:
«Մասնավորապես, մենք հիշում ենք, որ քաղաքական իշխանությունը կազմակերպված ձևով և խմբի կողմից Վահե Գրիգորյանին ՍԴ դատավոր նշանակելու համար իրականացրեց բազմաթիվ գործողություներ, այդ թվում՝ օրենքի խախտում կար, որ չի կարող երկրորդ անգամ ներկայացվել: Հետագայում Վահե Գրիգորյանի կողմից ՍԴ նախագահի ինքնահռչակումը և դրանից հետո օրենքների փոփոխությունները, մասնավորապես՝ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու՝ ապօրինի կաշառքի օրենքը, դրանից առաջ հարուցված բազմաթիվ քրեական գործերը թե՛ ՍԴ նախագահի սանիկների հանդեպ, թե՛, ընդհանրապես, ոստիկանական ճնշումները ՍԴ դատավորների նկատմամբ»,-ներկայացրեց Բաբայանը:
Նա նշեց, որ այսօր ԱԺ-ում պետք է արտահերթ նիստ գումարվի, որի ընթացքում պետք է իրենց փնթի աշխատանքը փորձեն սղագրել, որովհետև ՍԴ մասին սահմանադրական օրենքում պետք է իրականացնեին փոփոխություն, որը չի իրականացվել: