202 դիտում, 2020.06.29 22:16

Համաճարակի հաղթահարման լավագույն սցենարը հանրային կարգապահության ավելացումն է. Նիկոլ Փաշինյան

Համաճարակի հաղթահարման լավագույն սցենարը հանրային կարգապահության ավելացումն է. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 29-ին պարետատան նիստից հետո անցկացրել է ճեպազրույց, որին մասնակցել են Առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների գծով խորհրդատու, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Նարինե Սարգսյանցի և Մարսելի Նորդ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար, բժշկության ոլորտում առաջատար գիտնական, պրոֆեսոր Լորան Փափազյանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը նշել է, որ սոցիալական ցանցերի անգամ մակերեսային դիտարկումները ցույց են տալիս, որ ի հեճուկս հակահամաճարակային շարժում սկսելու անհրաժեշտության՝ մեր բազմաթիվ հայրենակիցներ ավելի շատ պրոհամաճարակային վարքագիծ են դրսևորում՝ մասնակցում են ամառանոցային խնջույքների, զանգվածային ուխտագնացություններիչնայած կազմակերպությունների կողմից արված սոցիալական հեռավորություն պահելու գծանշումներին՝ չեն օգտվում դրանցից: «Այս ամենն ամենևին չեմ ասում, որ որևէ մեկին մեղադրեմ, այլ հարկ եմ համարում պարզապես ընդգծել, որ հիմա արդեն թվերը ցույց են տալիս, որ առանց բացառության բոլորս՝ որտեղ, ինչքան և ինչպես կարողացել ենք, քամահրական վերաբերմունք ենք ցուցաբերում հակահամաճարակային կանոնների վերաբերյալ: Քանի որ այս երևույթն արդեն այսպիսի մասշտաբներ է ստացել Հայաստանում, կարծում եմ, որ բոլորս՝ ինձնից սկսած և որևէ այլ քաղաքացուց վերջացրած, կարիք ունենք մեր հակահամաճարակային վարքագիծը ռեստարտի ենթարկելու, հակառակ դեպքում չենք կարողանալու այս իրավիճակը հաղթահարել», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Այս առումով վարչապետը ևս մեկ անգամ կարևորել է ՀՀ պետական կառավարման բոլոր մարմինների, Հայաստանում գործունեություն ծավալող կազմակերպությունների և ՀՀ ոստիկանության կողմից հակահամաճարակային կանոնների պահպանումը. «Պետական կառավարման մարմինները պետք է անհատական պատասխանատվություն վերցնեն՝ պետք է բացառել առանց դիմակի մարդկանց ներկայությունը, սոցիալական հեռավորության խախտումները: Բոլոր տեղերում պետք է լինեն ոչ միայն գծանշումներ, այլև պետք է կոնկրետ պաշտոնյաներ զբաղվեն այդ գծանշումների կանոնները պահպանելու գործով: Հայաստանում գործունեություն ծավալող բոլոր կազմակերպությունները պետք է պատասխանատվություն ստանձնեն ոչ միայն իրենց տարածքում, այլև հարակից տարածքներում հերթերի պահպանման համար: Ոստիկանությունը պետք է նախ իր շարքերում հակահամաճարակային կանոնների պահպանման բարձր կարգապահություն ցուցաբերի, և ոստիկանության ներկայացուցիչները որևէ դեպքի կողքով անտարբեր չպետք է անցնեն: Այս ամենը կարևոր է՝ ցույց տալու համար մեր հավաքական հավատն առ այն, որ մենք կարող ենք այս ճգնաժամը հաղթահարել: Ի վերջո, այս ճգնաժամի հաղթահարումը կախված է մեր հավաքական ջանքերից, մեր հավաքական կամքից, և այս առումով պետական մարմինների գործունեությունը պետք է շարունակություն ստանա քաղաքացիների անհատական վարքագծի փոփոխությամբ»:

Ն. Փաշինյանը ցավով հիշեցրել է, որ Հայաստանում կորոնավիրուսն արդեն 433 մարդու կյանք է խլել, և յուրաքանչյուրս պետք է գիտակցի, որ հակահամաճարակային կանոնները չպահելու հետևանքով ինչ-որ մեկին՝ ծանոթ, թե անծանոթ, դատապարտում է մահվան. «Յուրաքանչյուրիս կողմից հակահամաճարակային կանոնները պահպանելը կարևոր է ոչ այնքան և ոչ միայն մեր անհատական ճակատագրի առումով: Մեծ հավանականությամբ հակահամաճարակային կանոնների խախտումով մենք մահվան ենք դատապարտում ուրիշներին, որովհետև մենք կարող ենք նույնիսկ հիվանդանոց չընկնել, բայց մեկ ուրիշին դատապարտել մահվան: Այսօր հիվանդության մասշտաբը թույլ է տալիս ասել, որ բոլորս ինչ-որ բան այնպես չենք արել, և ռեստարտի, կարգապահության ներդրման անհրաժեշտություն և կարիք ունենք: Ինքներս մեզ և դիմացիններին պետք է վերաբերվենք որպես վարակակրի, և սրանից բխող համապատասխան վարքագծի որդեգրումն է, որ մեզ հնարավորություն կտա հաղթահարել այս իրավիճակը՝ առանց էական ցնցումների»:

Անդրադառնալով համաճարակի հաղթահարման, այդ թվում և տնտեսական առումով դիտարկված սցենարներին՝ վարչապետը նշել է. «Պրոֆեսիոնալ վերլուծությունը ցույց է տալիս, որ համաճարակի հաղթահարման լավագույն սցենարը սոցիալական համերաշխության տրամաբանությամբ հանրային կարգապահության ավելացումն է, որի արդյունքում տնտեսական ճգնաժամը, տնտեսական դժվարությունները կհաղթահարենք հնարավոր լավագույն սցենարով: Եվ կա հաջորդ սցենարը՝ շատ են հարցնում, թե ինչու մենք համատարած լոկդաունի չենք գնում: Վերլուծությունը ցույց է տալիս, որ եթե լոկդաուն անենք, և այն պատշաճ ձևով չպահպանվի, դա մեր տնտեսության համար երկարաժամկետ և աղետալի հետևանք կունենա: Նույնիսկ լոկդաունն արդյունավետ հնարավոր է իրականացնել միայն այն պարագայում, երբ մեզնից յուրաքանչյուրն իր անհատական վարքագծով պահպանում է հստակ սահմանված հակահամաճարակային կանոնները, իսկ եթե դրանք հստակ պահպանվում են, նոր լոկդաունի անհրաժեշտություն չի լինի»:

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ դիմել է մեր համաքաղաքացիներին. «Սիրելի հայրենակիցներ, իմ կոչն ու խնդրանքն է ձեզ, որ մեր անհատական վարքագծով իրար օգնենք՝ այս իրավիճակը հաղթահարենք: Կրկնում եմ՝ այս պահի դրությամբ 433 մարդ մահացել է կորոնավիրուսից, մեր հիվանդանոցներում ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 123 հիվանդ, ծանր վիճակում՝ 529 հիվանդ, 1739 հիվանդի մոտ կա թոքաբորբ, ինչը նշանակում է, որ նրանց վիճակը ցանկացած պահին կարող է դառնալ ծանր կամ ծայրահեղ ծանր: Այս վիճակագրության հեղինակները մենք ենք՝ բոլորս, և մենք կարող ենք փոխել այս վիճակագրությունը: Յուրաքանչյուրիցս պահանջվում է մեր անհատական ջանքը, և ես հավատում եմ, որ մենք կարող ենք դա անել: Իմ կոչը շարունակում է մնալ նույնը՝ համախմբենք մեր ուժերը և բարձրացնենք մեր կարգապահությունը»:

Խոսքը փոխանցելով Մարսելի Նորդ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Լորան Փափազյանին, ով ղեկավարում է Մարսելից հատուկ չվերթով Երևան ժամանած մասնագետների 2-րդ խումբը՝ վարչապետը երախտագիտություն է արտահայտել նրան աջակցության համար և հույս հայտնել, որ պրոֆեսորի ուղերձը ևս կքաջալերի մեր քաղաքացիներին՝ ավելի բարձր մակարդակով պահելու հակահամաճարակային կանոնները:

Ընդգծելով, որ հպարտ է մեծ առաքելությամբ Հայաստան ժամանելու համար՝ պրոֆեսոր Փափազյանը նշել է. «Պատիվ եմ ունեցել հանդիպելու հայ գործընկերներին, ովքեր շատ կոմպետենտ են և աշխատում են օրնիբուն, սակայն այս պահին ուժասպառ են: Կկրկնեմ այն, ինչ ասաց պարոն վարչապետը՝  կոչ եմ անում բոլորին պահպանել հակահամաճարակային կանոնները, որոնք կկարողանան մեզ փրկել այս իրավիճակից: Դրանք շատ պարզ են և կիրառվում են ամբողջ աշխարհում. խոսքը վերաբերում է դիմակ կրելուն, ձեռքերը ախտահանելուն և սոցիալական հեռավորությունը պահպանելուն: Այս համագործակցությունը մեծ՝ մեկ այլ համագործակցության սկիզբն է, որն ըստ երևույթին տարիներ կշարունակվի: Մեծ սիրով կցանկանամ համագործակցել հայ բժիշկների հետ և կիսվել փորձով ոչ միայն այս համատեքստում, այլև ընդհանուր առմամբ»:

 ԱՆ ինֆեկցիոն հիվանդությունների գծով խորհրդատու, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Նարինե Սարգսյանցը խոսել է նոր տիպի կորոնավիրուսային վարակի կլինիկական ընթացքի մասին: «Վիրուսը ներթափանցում է շնչուղիներով, որոնք հիմնական թիրախն են: 40 տոկոս դեպքերում հիվանդությունն ընթանում է թեթև, 40 տոկոս դեպքերում՝ թոքաբորբով: Մնացած 20 տոկոսի 15 տոկոսը ծանր թոքաբորբերն են, 5 տոկոսը՝ ծայրահեղ ծանր ընթացքն է, ինչպիսին են սեպսիսը, սուր շնչառական անբավարարությունը: Ցավոք, այս վարակն ունի ևս մեկ կարևոր առանձնահատկություն՝ բավական մեծ տոկոս դեպքերում զարգանում են տրոմբեր, ինչը բերում է ոչ միայն թոքերի, այլև երիկամների, սրտի, կենտրոնական նյարդային համակարգին արյան մատակարարման խանգարմանը, այսինքն՝ զարգանում են ինսուլտներ: Խնդրում եմ խստագույնս վստահեք ձեր բժիշկներին: Այսօր պացիենտների մի մասը բուժվում է առաջնային օղակում, խնդրում եմ մի զբաղվեք ինքնաբուժությամբ, լսեք ձեր բժիշկներին: Մենք պետք է գիտակցենք, որ սա վարակային հիվանդություն է, և ոչ թե մեր անձնական, անհատական առողջության հարց է, այլ հանրային առողջության», - ասել է Ն. Սարգսյանցը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ն. Սարգսյանցին և ի դեմս նրա՝ բոլոր բուժաշխատողներին այս դժվարին իրավիճակում իրենց առաքելությունը պատվով և համբերությամբ կատարելու համար:

կիսվել նյութով -