324 դիտում, 2020.06.29 23:36

Մասնագետը նկարագրեց կարևոր օրգանների վրա կորոնավիրուսի բացասական ազդեցությունը

Մասնագետը նկարագրեց կարևոր օրգանների վրա կորոնավիրուսի բացասական ազդեցությունը

Առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների գծով խորհրդատու, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Նարինե Սարգսյանցի հավաստիացմամբ՝ կորոնավիրուսը կարող է բացասական ազդեցություն ունենալ թոքերի, սրտի, երիկամների և մի շարք այլ կարևոր օրգանների վրա: Այս մասին Սարգսյանցն ասաց հունիսի 29-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:

«Այս վարակը խանգարում է մի շարք օրգանների աշխատանքին: Այն թույլ չի տալիս, որ արյունը մատակարարվի ոչ միայն թոքեր, այլև երիկամներ, սիրտ, կենտրոնական նյարդային համակարգ: Ինչը կարող է հանգեցնել ինսուլտի»,-ընդգծեց մասնագետը:

Խոսելով վարակի հիմնական թիրախի՝թոքերի մասին՝ նա շեշտեց, որ թոքերի շնորհիվ է արյունը հագենում  թթվածնով և մատակարարվում գրեթե բոլոր բջիջներին, իսկ ծանր թոքաբորբի հետևանքով թթվածնային քաղց է լինում:

Նարինե Սարգսյանցի խոսքով՝ կորոնավիրուսը հիմնականում թափանցում է շնչուղիներով, որոշ դեպքերում կարող են ախտահարվել նաև ստորին շնչուղիները,  կարող է զարգանալ թոքաբորբ:

«Այն վարակակիրները, որոնք ախտանիշներ են ունենում, 40 տոկոս դեպքերում վարակը թեթև են հաղթահարում: 40 տոկոս դեպքերում վարակն ուղեկցվում է թոքաբորբով: 20 տոկոսից 15 տոկոսը ծանր թոքաբորբ է տանում, իսկ 5 տոկոսը՝ ծայրահեղ ծանր»,-տեղեկացրեց մասնագետն ու հորդորեց մարդկանց խուսափել ինքնաբուժմամբ զբաղվել, գիտակցել, որ սա վարակիչ հիվանդություն է. այն ոչ թե անհատական, այլ հանրային առողջության հարց է:

Հայաստանում հունիսի 29-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 25127 դեպք, որոնցից 13297-ն` առողջացած: 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11254 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 110 571 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 482 նոր դեպք և 181 առողջացած։  Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 433 (ավելացել է ևս 7-ով) դեպք:

կիսվել նյութով -