Հայաստանի Հանրապետությունում հունիսի 29-ի դրությամբ նոր տիպի կորոնավիրուսով վարակված անձանցից 123-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, իսկ 529-ինը՝ ծանր։ Այս մասին պարետատան նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«1739 հիվանդի մոտ կա թոքաբորբ, ինչը նշանակում է, որ նրանց վիճակը ցանկացած պահի կարող է դառնալ ծանր կամ ծայրահեղ ծանր։ Այս վիճակագրության «հեղինակները» մենք բոլորս ենք և հենց մենք կարող ենք փոխել այս վիճակագրությունը»,- ասաց վարչապետը։
Հայաստանում հունիսի 29-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 25127 դեպք, որոնցից 13297-ն` առողջացած:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11254 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 110 571 թեստավորում:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 433 դեպք:
Արձանագրվել է նաև մահվան 143 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ: