294 դիտում, 2020.06.29 19:03

«Իմ քայլը» ՍԴ նախագահի և 3 դատավորի լիազորությունների դադարեցման հիմք սահմանող նախագիծ է մշակել

«Իմ քայլը» ՍԴ նախագահի և 3 դատավորի լիազորությունների դադարեցման հիմք սահմանող նախագիծ է մշակել

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սուրեն Գրիգորյանը և Վահագն Հովակիմյանը շրջանառության մեջ են դրել Սահմանադրական դատարանի նախագահի և 3 դատավորի լիազորությունների դադարեցման համար իրավական հիմք սահմանող օրենքների նախագծերի փաթեթը: Պատգամավորները փոփոխություններ և լրացումներ են առաջարկել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում:

Նախագծերով ակնկալվում է սահմանել և հստակեցնել 2020 թվականի հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխությունների օրենսդրական հիմքերը և ապահովել կատարված փոփոխություններին համահունչ` Սահմանադրության 7-րդ գլխի կանոններով նախատեսված` Սահմանադրական դատարանի ձևավորման գործընթացի ավարտը:

Ազգային ժողովը հունիսի 22-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգավորների կողմից ներկայացված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով պաշտոնանկ են արվել ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամները՝ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը և Հրանտ Նազարյանը, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը շարունակելու է պաշտոնավարել, որպես ՍԴ անդամ:

կիսվել նյութով -