17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության 35 պատգամավորների անունից խորհրդարան է ներկայացվել ԱԺ որոշման նախագիծ՝ Հայաստանում Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե անցկացնելու որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին: Հավանաբար հենց վաղը ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի՝ այս նախագիծը քննարկելու համար: Այս մասին տեղեկացրել է Վահագն Հովակիմյանը։
Նախագծում ասվում է. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածով եւ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 107.1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 4-րդ մասերով ու Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2020 թվականի փետրվարի 6-ի «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ԱԺՕ-001-Ն որոշումը:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:
Հանրաքվեն չեղարկելու որոշումը հիմնավորվում է նրանով, որ ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն հետաձգվեց արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պատճառով: Նշվում է նաեւ, որ հանրաքվեի դրվող հարցը կարգավորվել է Ազգային ժողովում հունիսի 22-ին իրականացված եւ 26-ին ուժի մեջ մտած Սահմանադրական փոփոխություններով: Նախագծի հիմնական զեկուցող է նշանակվել Վահագն Հովակիմյանը:
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի հարցով Սահմանադրական փոփոխություններից հետո Ազգային ժողովին քննադատում էին, քանի որ այդ փոփոխույթունը լիարժեք չէ, եւ բազմաթիվ օրենքներում պետք է կատարվեին փոփոխություններ։ Ինչպես նաեւ մինչեւ հիմա պաշտոնապես չի չեղարկվել հանրաքվե կազմակերպելու որոշումը։