կարևոր
1363 դիտում, 1 տարի առաջ - 2020-06-29 18:08

Ֆելիքս Ցոլակյանն անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն

Ֆելիքս Ցոլակյանն անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հունիսի 29-ին հեռավար խորհրդակցություն է անցկացրել փրկարար ծառայության ղեկավար կազմի, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Կարևորելով կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված համալիր միջոցառումները՝ նախարարը հանձնարարել է խստագույնս պահպանել պարետատան ցուցումները:

Բժշկական ապահովման վարչության պետ Կարեն Աթոյանի զեկույցի համաձայն՝ համավարակի առաջին իսկ օրվանից կանխարգելիչ աշխատանքների և կանոնների պահպանման արդյունքում համակարգում հիվանդների թիվը հնարավորինս պահպանվել է ցածր մակարդակում՝ ունենք 8 հիվանդ:

Համավարակի ընթացքում ունեցել ենք 54 հիվանդ, 51 մեկուսացված և 292 ինքնամեկուսացված: Նախարարի դիտարկմամբ՝ նկատելի են հրդեհավտանգ իրավիճակի առաջացող միտումներ: Անդառնալի հետևանքներից խուսափելու համար նախարարը հանձնարարեց ցուցաբերել կշռադատված մոտեցում, չընկնել ցայտնոտի մեջ, գրագետ ինքնատիրապետումով վարել հրդեհաշիջման աշխատանքը: Այս առումով չափազանց կարևոր է համագործակցությունն օժանդակող այլ պատկան մարմինների հետ:

Հաշվի առնելով մեր քաղաքացիների պատրաստակամությունը՝ Ֆելիքս Ցոլակյանը հրահանգեց ստեղծել կամավորականների խմբեր և կառավարությանն առաջարկ ներկայացնել նրանց սոցիալական երաշխիքներ տրամադրելու համար: Նախարար Ցոլակյանի բնորոշմամբ՝  սխալվելու իրավունք չունեն, որովհետև դա կարող է կյանքեր արժենալ: Հանձնարարվել է լինել զգոն, զգույշ, ամենօրյա ռեժիմով ինքնակրթվել, գործն անել նվիրումով։