ԲՀԿ կողմնակիցներին, համակիրներին շարունակում են հրավիրել տարբեր քննչական բաժիններ, ինչ-որ հետախուզական բաժիններ, նրանց տալիս են անհեթեթագույն հարցեր, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Օրինակ ՝ հրավիրել են բաժին իմ նախկին գործընկերներից մեկին և հարցրել են՝ «Նաիրա Զոհրաբյանը Ձեր ընկե՞րն է», ասել է՝ «այո իմ ընկերն է, իմ մտերիմն է»։ Ասել են՝ «Դուք իրեն ամեն օր զանգո՞ւմ եք», ասել է՝ «այո, ստեղից դուրս գամ էլի եմ զանգելու»։ Ասել են՝ «իսկ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ տիկին Զոհրաբյանը կարո՞ղ ա ձեզ ասել ա, որ պլակատ բռնեք»։ Նկատի ունեն այն, որ մենք գումար ենք տվել հայտնի մտավորականին, որ պլակատ բռնի, ասել է՝ «մի հատ ինձ նայեք, ես նման եմ պլակատ բռնող մարդու»։
Նա ընդգծեց, որ ԱԱԾ-ն չի կարող երկրի մոլորակի վրա գտնել գեթ մեկ մարդու, ով կարող է փաստարկված պնդել, թե Զոհրաբյանը իրենց կաշառք է առաջարկել:
«Եթե դուք կգտնեք այս մոլորակի վրա գեթ մեկ հոմո սափիենս, ով փաստարկված, պատասխանատու հայտարարություն կանի, որ Նաիրա Զոհրաբյանը որևէ մեկին գումար, բամբաներկա կամ մեկ այլ բան է տվել կամ խոստացել է, և ասել է ձայն կբերես ինձ կամ իմ կուսակցությանը, ապա ես պատրաստ եմ ընդունել իմ մեղքը և կասեմ, որ դուք ճիշտ էիք, ես սխալվեցի»։
Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքին, Զոհրաբյանը նշեց, որ 124 քննիչ հանված են իրենց այլ գործերից և կցված են միայն Գագիկ Ծառուկյանի հետ կապված գործը քննելուն։
«Նորից եմ կրկնում եմ, որ Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքը անհեթեթ է, և շարունակում եմ պնդել, որ սա քաղաքական հետապնդում է Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի հանդեպ»,- նշեց պատգամավորը։