կարևոր
1150 դիտում, 1 տարի առաջ - 2020-06-27 19:22

ՍԱՏՄ-ն Երևանում և Վանաձորում սրճարանների ու ռեստորանների գործունեություն է կասեցրել

ՍԱՏՄ-ն Երևանում և Վանաձորում սրճարանների ու ռեստորանների գործունեություն է կասեցրել

Սննդամթերքի և անվտանգության տեսչական մարմինը Երևան և Վանաձորում կասեցրել է մի խումբ սրճարանների ու ռեստորանների գործունեություն, որոնցում չեն պահպանվել պարետի կողմից սահմանված հակահամաճարակային կանոնները: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը:

Երևանում այսօր 72 ժամով կասեցվել են «Կառավելլ» ռեստորանային համալիրը՝ բազմամարդ միջոցառում կազմակերպելու համար և «Էսկոբար» սրճարանը. այդտեղ հաճախորդներին նարգիլե է մատուցվել: 48 ժամով կասեցվել են նաև Վանաձոր քաղաքի երկաթուղայինների այգում գործող անհատ ձեռնարկատեր Նորիկ Բերնեցյանին և Աշտարակ քաղաքում անհատ ձեռնարկատեր Լիլիթ Հովհաննիսյանին պատկանող սրճարանները, որտեղ չեն ջերմաչափել հաճախորդներին և թերի են լրացրել գրանցամատյանները: Այդ խախտումները կրկնվել են:

ՍԱՏՄ-ն կրկնայցեր է կատարել Գյումրիում: Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների՝ հանրային սննդի կետերում, իրացման ցանցում անցկացված մշտադիտարկումները արձանագրել են սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման նկատմամբ տնտեսավարողների առավել պատասխանատու վերաբերմունքն ու պատրաստակամությունը շտկելու նկատված թերացումները:

Հանրային սննդի մի քանի կազմակերպություններում ՍԱՏՄ տեսուչները պնդել են այնուամենայնիվ հեռացնել այն սեղանները, որոնց դիրքը թույլ չի տալիս պահպանել պահանջվող սոցիալական հեռավորությունը անձանց միջև, թեև, ըստ տնտեսավարողների  դրանք չսպասարկվող սեղաններ են եղել: Դրականորեն արձանագրվել է, որ արդեն պատշաճորեն կատարվում են ջերմաչափումները և ճշգրտորեն լրացվում գրանցամատյաններում, դիմակներ դնում են բոլորը, ձեռքի ախտահանիչներ ու փակ աղբամաններ կան բոլոր պահանջվող տեղերում, տարածքի ախտահանումը կատարվում է սահմանված հաճախականությամբ: