կարևոր
1223 դիտում, 1 տարի առաջ - 2020-06-26 23:31

Վարչապետը խոսել է առողջապահական համակարգի կենտրոնացված կառավարում ունենալու կարևորության մասին

Վարչապետը խոսել է առողջապահական համակարգի կենտրոնացված կառավարում ունենալու կարևորության մասին

Արտակարգ դրության պայմաններում առողջապահական համակարգի կենտրոնացված կառավարում ունենալու նպատակն ընդամենը օրենսդրական մեխանիզմն ամբողջացնելն է։ Հունիսի 26-ին պարետատան նիստից հետո  այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հարցին, թե ո՞ր դեպքերում են բժշկական կենտրոններում նշանակվելու ժամանակավոր տնօրեններ և արդյոք հեշտ կլինի գտնել կառավարիչների, վարչապետը պատասխանեց, որ ներկա պահին նման գործողությունների կարիք չկա։

«Մեր բոլոր բժշկական կենտրոնները շատ ակտիվ համագործակցում են Առողջապահության նախարարության և Կառավարության հետ և ակտիվ իրականացնում են իրենց գործառույթները։  Պարզապես, երբ կոնկրետ իրավիճակ է ծագում, մասնագետներն ուսումնասիրում են կառուցակարգերը, ընթացակարգերը,փորձում են ի հայտ բերել զուտ օրենսդրական այն բացերը, որոնք կարող են տեսականորեն գոյություն ունենալ: Այդ փոփոխությունն ընդամենը օրենսդրական մեխանիզմն ամբողջացնելու նպատակ ունի»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Առողջապահության նախարարությունը օրենսդրական փաթեթ է մշակում արտակարգ դրության պայմաններում առողջապահական համակարգի կենտրոնացված կառավարում ունենալու համար։

Համաձայն սպասվող օրենսդրական փոփոխությունների՝ արտակարգ դրության ժամանակահատվածում կառավարությանը կտրվի լիազորորություն Հայաստանի Հանրապետության բոլոր բժշկական կենտրոնների կառավարումը փոխանցելու առողջապահության նախարարությանը՝ անկախ բուժահաստատությունների ենթակայության և սեփականության ձևից։