կարևոր
1419 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-26 21:18

«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները կանխել են մեկանգամյա բաժակներով թմրամիջոցի փոխանցման փորձը

«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները կանխել են մեկանգամյա բաժակներով թմրամիջոցի փոխանցման փորձը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունիսի 26-ի ժամը 17:00-ի սահմաններում քաղաքացի Ա․ Հ․-ի կողմից դատապարտյալ Վ․ Մ․-ի համար բերված հանձնուքի զննությամբ հայտնաբերել են մեկտեղված, ընդհանուրը 80․89 գրամ քաշով 7 պլաստմասե բաժակներ՝ յուրաքանչյուրի հատակային հատվածում քողարկված մեթամֆետամին տեսակի (լիրիկա) թմրամիջոցին նմանվող, սպիտակ, փոշենման զանգված: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:

Թմրամիջոց հանդիսացող նյութի հայտնաբերումը հերթական անգամ իրականացվել է ամիսներ առաջ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից ձեռք բերված «RAPISCAN ORION 920 CX» ապրանքանիշի անվտանգության ժամանակակից ռենտգեն սարքի շնորհիվ:

«Հիշեցնենք, որ դեռևս 2020 թվականի հունվարի 5-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կանխել էին թմրամիջոցի փոխանցման նմանատիպ դեպք։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։