կարևոր
990 դիտում, 1 տարի առաջ - 2020-06-26 21:11

«Անտարես»-ի տնօրենը հորդորեց թույլ չտալ հարազատներին առանց կանոնները պահպանելու շփվել իրար հետ

«Անտարես»-ի տնօրենը հորդորեց թույլ չտալ հարազատներին առանց կանոնները պահպանելու շփվել իրար հետ

«Անտարես»  հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, ում հայրը՝ Աքիլլես Մարտիրոսյանը հունիսի 19-ին 77 տարեկանում մահացել է կորոնավիրուսից, քաղաքացիներին խնդրեց չկրկնել իր սխալը և թույլ չտալ հարազատներին առանց հակահամաճարակային կանոնները պահպանելու շփվել իրար հետ։ Հունիսի 26-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում Մարտիրոսյանը հայտնեց, որ կորոնավիրուսով վարակվել է գրեթե իր ամբողջ ընտանիքը։

 «Եղբայրս այս պահին գտնվում է հիվանդանոցում, երեխաներիս մայրը նոր է դուրս գրվել հիվանդանոցից։ Մյուս հարազատները բուժումը ստանում են տանը։ Ինքս ծնողներիս հետ չեմ շփվել 4,5 ամիս, սակայն չեմ կարողացել ապահովել, որպեսզի այլ անձինք չշփվեն նրանց հետ։ Փաստորեն, իմ կողմից դա չապահովելը բերել է նրան, որ մերոնք շփվել են այլ անձանց հետ և հիվանդացել»,- ասաց Մարտիրոսյանը։

Հրատարակչի խոսքով՝ իր օրինակը ևս մեկ անգամ փաստում է, որ եթե անգամ անձամբ պահպանում ես սահմանված կանոները, դրանով խնդիրը չես լուծում, քանի դեռ հանդուրժում ես այն մարդկանց, ովքեր դա չեն պահպանում։

«Բոլոր այն մարդիկ, ովքեր ասում են, որ կորոնավիրուս չկա, կորոնավիրուսը անվտանգ է, նույն է, թե ասեն, որ ապրիլյան պատերազմում հարձակվող ադրբեջանական զինվորը անվտանգ է կամ ադրբեջանական հրթիռը անվտանգ է»,- եզրափակեց Մարտիրոսյանը։

Հայաստանում հունիսի 26-ի ժամը 11: 00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 23 247 դեպք, որոնցից 12 149-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 10 557 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 105046 թեստավորում:

Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ: