Երեւանի պետական համալսարանն իր մտահոգությունն ու վրդովմունքն է հայտնել հունիսի 24-ին Ազգային ժողովի պատգամավոր Լուսինե Բադալյանի՝ ԱԺ ամբիոնից բարձրագույն ուսումնական հաստատություններում աշխատող դասախոսների հասցեին արված ոչ կոռեկտ արտահայտությունների համար:
«Իմքայլական» պատգամավորը, ԿԳՄՍ նախարարի ուշադրությունը հրավիրելով իր բնութագրմամբ՝ «վերահսկողությունից դուրս գտնվելուց» օգտված դասախոսների վրա, կոչ էր արել «մաղել նրանց»:
ԵՊՀ-ն անընդունելի է համարել Ազգային ժողովի ամբիոնից այլակարծությունը սահմանափակող, դասախոսների հասցեին կոպիտ ու վիրավորական արտահայտությունները: Ինչ վերաբերում է պատգամավորի հնչեցրած մեղադրանքներին՝ որոշ դասախոսների հակաօրինական գործունեությունների մասին, ապա համալսարանը պահանջել է իրավապահ մարմիններից այս հայտարարությունն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին եւ օբյեկտիվ քննության միջոցով պարզել հնչեցրած հայտարարությունների հիմնավորվածությունը՝ կողմերի համար դրանից բխող բոլոր իրավական հետեւանքներով: