Արթուր Հարությունյանի նախագահությամբ հունիսի 26-ին տեղի է ունեցել Արցախի ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:
Հրատապ ռեժիմով քննարկման է դրվել «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավորներ Արամ Գրիգորյանի և Արմեն Հակոբյանի հեղինակած օրենքի նախագիծը:
Խոսելով օրինագծի մասին՝ նախագծի համահեղինակ Արամ Գրիգորյանը նշել է, որ նախագծով առաջարկում են գործող օրենքի 16-րդ հոդվածից «որից առնվազն 5 տարի ղեկավարի պաշտոնում» արտահայտությունը հանել, ինչի շնորհիվ հնարավորություն կընձեռվի Հաշվեքննիչ պալատի անդամ ընտրվել նաև հանրային ֆինանսների կառավարման ոլորտի նվազագույնը տասը տարվա աշխատանքային ստաժ ունեցող պաշտոնատար անձանց՝ առանց հաշվի առնելու հինգ տարվա ղեկավարի պաշտոնում աշխատած լինելու հանգամանքը:
Պատգամավորները նախագծի հեղինակին առաջադրել են հարցեր և ստացել պարզաբանումներ:
3 կողմ և 2 դեմ ձայների հարաբերակցությամբ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրինագծին:
Նիստին մասնակցել է նաև Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը: