կարևոր
381 դիտում, 9 ամիս առաջ --> 2020-06-26 10:47

Սամվել Մայրապետյանին վերագրվող մեղադրանքը իրականության հետ աղերս չունի. փաստաբանական խումբ

Սամվել Մայրապետյանին վերագրվող մեղադրանքը իրականության հետ աղերս չունի. փաստաբանական խումբ

«Սամվել Մայրապետյանին վերագրվող մեղադրանքը իրականության հետ աղերս չունի»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառել է փաստաբան Լուսինե Սահակյանը՝ ներկայացնելով Սամվել Մայրապետյանի փաստաբանական խմբի դիտարկումները:

Հրապարակումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Սամվել Մայրապետյանին վերագրվող մեղադրանքը իրականության հետ աղերս չունի

2020թ. հունիսի 25-ին ԶԼՄ-ներից տեղեկացանք, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը Սամվել Մայրապետյանին ներգրավվել է որպես մեղադրյալ իբր առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու գործընթաց կազմակերպելու համար:

Ի սկզբանե ուզում ենք նշել, որ ներկայացված մեղադրանքը իրականության հետ որևէ աղերս չունի:

Միաժամանակ հարկ ենք համարում հանրության ուշադրությունը հրավիրել մի քանի կարևոր հանգամանքների վրա:

Այսպես՝
1. Չնայած այն հանգամանքին, որ մեր փաստաբանական թիմը գործի շահերից ելնելով մշտապես ՀՔԾ-ին փախանցում, ապա նաև ստանում է անհրաժեշտ փաստաթղթեր, սակայն մենք մեր պաշտպանյալին մեղադրանք առաջադրելու մասին տեղեկանում ենք ոչ թե ՀՔԾ-ից, այլ ԶԼՄ-ներից, ինչը տարակուսելի է ու ողջամիտ ենթադրություն է առաջացնում, որ առհասարակ գործի քննությունն ու նմանատիպ որոշումների կայացումը նպատակ են հետապնդում պարբերաբար ԶԼՄ-ներով հանրությանը ներկայացնել հերթական «դարի հանցագործության» բացահայտման մասին։

2. Հայտարարության մեջ նշված ընկերությունը, անկախ այն հանգամանքից, որ փաստացի չի պատկանել Սամվել Մայրապետյանին, ինչպես անհիմն պնդում է ՀՔԾ-ն, իրականում վճարել է օրենքով պահանջվող հարկերն ամբողջ ծավալով: Ավելին, քանի որ նշված ընկերությունը լուծարվել է 2006թ., այն օրենքի պահանջներին համապատասխան անցել է հարկային ստուգում, որի ընթացքում որևէ էական խախտում չի հայտնաբերվել, ինչը և թույլ է տվել այդ ընկերությանը լուծարվել: Ավելի քան պարզ է, որ նման ահռելի խախտումների առկայության դեպքում նշված ընկերությունը որևէ կերպ լուծարվել չէր կարող:

3. Նույնիսկ առանց լուրջ վերլուծության, տարածված հայտարարությունից պարզ է դառնում, որ նշված ընկերությունը փաստացի կարողացել է անշարժ գույքի իրացումից իր կողմից ստացված գումարով ոչ միայն կառուցել և գնորդներին հանձնել իրենց գույքը, այլ նաև շահույթ է ստացել և վճարել շահութահարկ: Իսկ ՀՔԾ-ն ուզում է հանրությանը համոզել, որ շինարարությամբ զբաղվող ընկերությունը իր կողմից կառուցվող շենքերի վրա ծախսվող գումարից առնվազն 10 անգամ շատ շահույթ է ստացել: Սույն պնդման` իրականությանը նույնիսկ մի փոքր առնչություն ունենալու պարագայում, Հայաստանում շինարարությամբ զբաղվող բոլոր ընկերությունները եկամտաբերության համաշխարհային ռեկորդներ պետք է սահմանած լինեին:

4. Վերջապես, կարևոր է նաև նշել, որ բացի այն հանգամանքից, որ ներկայացված մեղադրանքն անհիմն է, նաև լրացել է այդ մեղադրանքով քրեական պատասխանատվության ենթարկելու համար օրենքով սահմանված վաղեմության ժամկետը և որևէ մեկը չի կարող հետապնդվել նկարագրված իբր հանցավոր գործողությունների համար:

Այսպիսով, ակնհայտ է, որ այս գործընթացը որևէ կապ չունի իրավունքի ու oրենքի հետ: Սա պարզապես Սամվել Մայրապետյանի հետապնդումների շղթայի հերթական օղակն է, որի նպատակը Սամվել Մայրապետյանին անհիմն մեղադրելն է, պիտակավորելը, հանրությանը մանիպուլյացիայի ենթարկելը` իրականության հետ կապ չունեցող մեծ թվերի միջոցով մոլորության մեջ գցելը»:

Ս.Մայրապետյանի փաստաբանական խումբ