կարևոր
1785 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-25 23:19

Օրն ավարտենք շատ լավ լուրով. Ռուստամ Բադասյան

Օրն ավարտենք շատ լավ լուրով. Ռուստամ Բադասյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Օրն ավարտենք շատ լավ լուրով:

Հիշո՞ւմ եք, որ այս տարվա մարտի ութին ծրագիր մեկնարկեցինք և Երևան քաղաքում ամենամեծ թվով ծննդօգնություն իրականացնող երեք բժշկական կազմակերպություններում երեխաների ծնունդները սկսեցինք գրանցել տեղում:

Այսօր արդեն այդ երեք ԲԿ-ներին միացել են ևս չորսը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Գրիգոր Նարեկացի», «Շենգավիթ» և «Աստղիկ» բժշկական կենտրոնները։

Հանրային ծառայությունները բնակչությանն առավել հասանելի դարձնելուն ուղղված այս պիլոտային ծրագիրն իրականություն ենք դարձրել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով և Առողջապահության նախարարության ու Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Սա նշանակում է, որ երեխաների ծնունդները Երևանի յոթ բժշկական հաստատություններում կգրանցվեն տեղում և կկատարվեն դրանից բխող օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

Հիշեցնեմ, որ ծրագրի առաջին փուլին միացած բժշկական կազմակերպություններն էին՝ Էրեբունի բժշկական կենտրոնը (ծննդատուն), Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտն ու Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը:

Նշածս յոթ բժշկական կազմակերպություններում այդ նպատակով հատուկ հատկացված վայրերում կատարվում են հետևյալ պետական գրանցումները՝

1 երեխայի ծննդի պետական գրանցում,

2 երեխայի նկատմամբ հայրության ճանաչման պետական գրանցում,

3 ամուսնության պետական գրանցում:

Ծրագիրը կրելու է շարունակական բնույթ և փուլ առ փուլ տարածելու ենք Հանրապետության տարածքում ծննդօգնություն տրամադրող բոլոր բժշկական կազմակերպություններում»: