կարևոր
817 դիտում, 9 ամիս առաջ --> 2020-06-25 23:14

Կոտայքի մարզում ավտովթարից մահացել է «Արագածի» բասկետբոլիստ Պիեռ Ղուկասը

Կոտայքի մարզում ավտովթարից մահացել է «Արագածի» բասկետբոլիստ Պիեռ Ղուկասը

Հունիսի 23-ին Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է «Արագած» բասկետբոլային ակումբի մարզիկ, 26-ամյա Պիեռ Ղուկասը: Պիեռ Ղուկասի մահվան մասին տեղեկացրել է «Արագածի» մամուլի ծառայությունը: «Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան խորին ցավակցությունն է հայտնում Պիեռ Ղուկասի ընտանիքի անդամներին, հարազատներին և բարեկամներին»,- ասված է ՀԲՖ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հունիսի 23-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել էին Mercedes, BMW, Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Nissan-ը կողաշրջվել է՝ մասամբ փակելով երթևեկելի գոտին, BMW-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գոտում:

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աբովյան» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Աբովյանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Ավելի ուշ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ա. Ավետիսյանը նյութերի նախապատրաստման ընթացքում պարզել է՝ Nissan-ը վարել է Երևանի բնակիչ՝ 29-ամյա Լևոն Թորոսյանը, BMW-ն վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 27-ամյա Տիգրան Գևորգյանը, իսկ Mercedes-ը վարել է Երևանի բնակիչ՝ 26-ամյա Հակոբ Սողոմոնյանը։

Վթարի հետևանքով Հ. Սողոմոնյանը մարմնական վնասվածքներով դիմել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ Nissan-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 26-ամյա Փիեռ Ղուկասը, 23-ամյա Կարինա Խուկազը և 28-ամյա Մարիաննա Մաճկալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աբովյան» բժշկական կենտրոն։

Հունիսի 24-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված Փիեռ Ղուկասը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է։