կարևոր
1745 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-25 19:27

Իրավապահները արտակարգ դրության կանոնները խախտելու փաստերով կազմել են 46 610 արձանագրություն

Իրավապահները արտակարգ դրության կանոնները խախտելու փաստերով կազմել են 46 610  արձանագրություն

Իրավապահ կառույցների ծառայողները արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ հունիսի 25-ը կազմել են 46 610  արձանագրություն, իսկ հունիսի 24-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերել են իրավախախտման 1 710  դեպք։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։

Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 46610  արձանագրություն, իսկ հունիսի 24-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1710  դեպք։ Արտակարգ ռեժիմով ծառայությանը ներգրավված են նաև Ազգային անվտանգության ծառայության, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության և ռազմական ոստիկանության ծառայողները։

Բացի այդ, ոստիկանության կարգախմբերը, համագործակցելով տեսչական մարմինների հետ, ստուգայցերի միջոցով արդյունավետ հսկողություն են իրականացնում բակերում, ինքնամեկուսացման ու մեկուսացման վայրերում, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ընթացքում, առևտրի և հասարակական սննդի բնագավառում գործունեություն ծավալող օբյեկտներում։

Հարգելի՛ քաղաքացիներ, ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է. պահպանե՛ք արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները»,- ասվում է հաղորդագրության մեջ: